Չբացառելով փողոցային պայքարը՝ պետք է պատրաստվել 2026թ. ընտրություններին. Վանեցյան
Քաղաքական
10:09 25/03/2025
Հայաստան

Չբացառելով փողոցային պայքարը՝ պետք է պատրաստվել 2026թ. ընտրություններին. Վանեցյան

«Չբացառելով փողոցային պայքարը՝ պետք է պատրաստվել 2026թ. ընտրություններին»,-24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության  նախագահ Արթուր Վանեցյանը՝ ավելացնելով, որ իր ղեկավարած ուժն այս պահին փողոցային պայքարի դուրս գալու որոշում չունի։

Նրա խոսքով, որևէ ուժ չի կարող միայնակ հաջողության հասնել։
 

«Հիմա ունենք խաղաղության համաձայնագրի նախագիծը, դա ինչի՞ մասին է, ի՞նչ վերաբերմունք ունի հանրությունը դրա վերաբերյալ։ Եթե հանրությունը պատրաստ է պայքարի, ապա պետք է պայքարել, ընդ որում կարևոր չէ, դա կառաջնորդի Արթուր Վանեցյանը, թե որևէ այլ քաղաքական առաջնորդ, ով կկարողանա գեներացնել այդ պայքարը, անկախ այն բանից, ինչպես Դուք ասացիք, որ ընդդիմության տարբեր ուժեր միմյանց հետ բանավիճում են։ Ես ոչ ոքի հետ չեմ կռվում, իմ կռիվը ՔՊ-ի հետ է»,-ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։

Հարցին, այսօր  ՀՀ նախկին նախագահների կողմնակիցները միմյանց մեղադրում են Նիկոլ Փաշինյանին բերելու մեջ, որպես իշխանափողությունից հետո ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձ, կարո՞ղ է  ասել, թե ով է բերել Փաշինյանին, Վանեցյանը պատասխանեց.

«Ախ դա շատ վատ թեմա է, որի մեջ չեմ ուզում մտնել։ Եթե  ազնվորեն վերաբերվեն 2018 թվականի իրադարձություններին, ապա կտեսնեն, թե ով է բերել իշխանության Նիկոլ Փաշինյանին։ Հիմա Սերժ Սարգսյանին ասում են, թող պայքարեր, իշխանությունը չտար։ Իսկ եթե մի քանի հարյուր մարդ զոհվեր, Սերժ Սարգսյանը պատմեր, թե ինչ է լինելու հետագայում, ինչ-որ մեկը հավատալո՞ւ էր իշխանություններին։ Վստահ եմ՝ ոչ մեկ չէր հավատալու, ասելու էին՝ դիկտատուրա է, արյան վրա եկավ իշխանության և այլն։ Անկեղծ, չեմ ուզում մտնել այդ թեմայի մեջ, չեմ ուզում որևէ կողմի ասածները պաշտպանել կամ հերքել, ուղղակի ուզում եմ, որ մեր հիմնական թեզից չշեղվենք, մեր պայքարը ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի դեմ է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չբացառելով փողոցային պայքարը՝ պետք է պատրաստվել 2026թ. ընտրություններին. Վանեցյան