Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սպառողների իրավունքների պաշտպանության գործում պետական մարմինները շարժվում են ոչ թե մարդակենտրոն մոտեցմամբ, այլ նկատողություն չստանալու տրամաբանությամբ. Պիպոյան
Սպառողների իրավունքների միջազգային օրն այս տարի Հայաստանում աննկատ անցավ, ինչն ընդգծում սպառողի իրավունքերի, շահերի նկատմամբ պետական մարմինների վերաբերմունքը, ավելի ճիշտ դրա բացակայությանը։ Հիշեցնենք, որ օրը նշվում է մարտի 15-ին։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մի միջոցառում էր կազմակերպել, որին հրավիրված էին մասնակցելու ու ներկա գտնվելու օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, տեսչական մարմինների աշխատակիցներ, հասարակական գործիչներ և այլք։
Սպառողը, սպառողի խնդիրն ու շահը, կարելի է ասել, դեռ երբեք այսքան արհամարհված չէր եղել։
«Միջազգային պրակտիկայում այդ օրվան նախորդում ու հաջորդում են իրազեկման շաբաթներ։ Հայաստանում նման բան չեղավ։ Տեսչական մարմինները, պետական տարատեսակ հանձնաժողովները պետք է բացատրեն՝ ի՞նչ պատահեց, որ մոռացան իրենց հիմնական առաքելության մասին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նա մասնակցել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կազմակերպած միջոցառմանը, տպավորություն ստացել՝ հանձնաժողովն ուզում է ինչ-որ բան անել, իսկ մյուս մարմիններից էլ գալիս են՝ ուղղակի ներկա ստանան ու գնան։
Հիշեցնենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը սկսել է սպառողների շահերի պաշտպանություն իրականացնել և իրականացրած փոփոխություններով դարձել է Հայաստանում սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող կենտրոնական մարմինը:
«Սակայն սա չի նշանակում, որ տեսչական մարմինները կարող են ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել, քանի որ սպառողների անվտանգության հիմնարար իրավունքի ապահովումը շարունակում է մնալ տեսչական մարմինների վրա»,-ասաց Պիպոյանը։
ՀԿ նախագահն ընդգծեց՝ պետական մարմինները շարունակում են աշխատել ոչ թե մարդակենտրոն մոտեցմամբ, այլ, այսպես ասած, նկատողություն չստանալու հարթության մեջ։
«Մարդակենտրոնության պակաս կա։ Մեր ՀԿ-ն նախաձեռնեց իրազեկման շաբաթ, հարցադրում արեցինք, արդյոք աշխարհքաղաքական այս օրակարգերի պայմաններում հնարավո՞ր է զբաղվել սպառողների իրավունքների պաշտպանությամբ կամ այդ թեմաներով օրակարգ գեներացնել։ Բայց ընդամենը, մի քանի հարցադրում է պետք անել, օրինակ, եթե Քովիդը կառավարվեր լավ, պետությունն իր ծառայությունները մատուցեր լավ ու ճիշտ, կունենայի՞նք այդքան մահեր, եթե տրանսպորտային համակարգում երթևեկությունը, ենթակառուցվածքները, գծանշումները լինեն լավ, վթարների, դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թիվը ինչքանո՞վ կնվազի, եթե մենք ունենայինք պատշաճ վերահսկողություն, կլինե՞ր Սուրմալուի պայթյունը, կունենայի՞նք այդքան մահեր, եթե ունենայինք պատշաճ վերահսկողություն, կունենայի՞նք տնային պայմաններում սարքած ալկոհոլից մահեր։ Այդ մահվան դեպքերը գումարում ենք իրար ու տեսնում, որ անփույթ վերաբերմունքի հետևանքով ավելի շատ զոհեր ունենք ու հասկանում ենք, որ իրավունք չունենք այդ խնդիրները երկրորդ պլան մղել, քանի որ սպառողի իրավունքը միայն հագուստ գնել, վերադարձնելը, մեկ ժամ էլեկտրաէներգիա չունենալը չէ։ Դա վերաբերում է մարդու կյանքին, առողջությանը»,-ընդգծեց ՀԿ նախագահը։