Ֆրանս-գերմանական Arte հեռուստաալիքը ներողություն է խնդրել առանց Հայաստանի քարտեզ հեռարձակելու համար
Քաղաքական
15:53 26/03/2025
Հայաստան

Ֆրանս-գերմանական Arte հեռուստաալիքը ներողություն է խնդրել առանց Հայաստանի քարտեզ հեռարձակելու համար

Ֆրանս-գերմանական Arte հեռուստաալիքի՝ մարտի 24-ին հեռարձակած «28 րոպե» հաղորդման ընթացքում ցուցադրվել է աշխարհաքաղաքական քարտեզ, որտեղ պատկերված էին Թուրքիան և հարակից երկրները։Սակայն քարտեզում Հայաստանը բացակայում էր և տարածքը նշված էր որպես Ադրբեջանի մաս։ Գրում է CivilNet-ը։

«Հեռուստաալիքի թույլ տված սխալը մեծ արձագանք ստացավ հայկական մեդիա դաշտում։ Իշխանամետ Armtimes.am, Civic.am, Medianews.am լրատվական կայքերը և Baghramyan 26 տելեգրամյան ալիքը պնդում էին, թե իրականում ռուսամետ շրջանակներն են փորձում Հայաստանում հակաֆրանսիական տրամադրություններ տարածել։

«Հաղորդման իրական տեսաձայնագրության մեջ հստակ երևում է Հայաստանը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով»,- նշված է հոդվածներում։ Այսպիսով, լրատվամիջոցները փորձում էին հերքել սխալ քարտեզով հաղորդման փաստը։

Ավելի ուշ՝ մարտի 25-ին, հեռուստաալիքը պաշտոնապես ներողություն խնդրեց սխալ քարտեզ ցուցադրելու համար՝ մինչ այդ շտկելով այն հաղորդման վերահրապարակված տեսանյութում։

CivilNetCheck-ը գնացել է ֆրանս-գերմանական հեռուստաալիքի հետ կապված խառնաշփոթի հետքերով։

Մարտի 24-ին հեռարձակված «28 րոպե» հաղորդումը նվիրված էր Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ցույցերին։ Հաղորդման հյուրերից մեկը հայազգի քաղաքագետ Կայծ Մինասյանն էր։ #CivilNetCheck-ի հետ զրույցում Մինասյանը հաստատեց, որ հեռուստաալիքն իրոք սկզբում սխալ քարտեզ է հրապարակել։
Հետագայում հաղորդումը հեռացվել է կայքից և նոր՝ խմբագրված քարտեզով տարբերակն է տեղադրվել։ Ըստ քաղաքագետի՝ բնօրինակ քարտեզում ոչ միայն Հայաստանի, այլև Լիբանանի և Իսրայելի սահմաններն էին սխալ ներկայացված։

«Ես ուշադիր չեմ եղել ու չեմ տեսել, որ քարտեզում Հայաստանը չկա, այլապես անշուշտ դիտողություն կանեի։ Դիտավորյալ չէր, ես կապվեցի, ուրիշները ևս, որպեսզի այդ ծրագիրը խմբագրի այդ քարտեզը։ […] այդտեղ որևէ հակահայկական բան չկա»,- հայտնեց Մինասյանը։

Միջադեպին արագ արձագանքեց նաև Ֆրանսիայում գործող armennews.com կայքը՝ պահանջելով հեռուստաալիքից ճանաչել սխալը և հրապարակային ներողություն խնդրել։ Ֆրանսիայի հայերը change.org հարթակումստորագրահավաք իրականացրեցին՝ պահանջելով պարզաբանումներ և սխալի շտկում։

Արդեն հաջորդ օրը՝ մարտի 25-ին, հեռարձակված «28 րոպե» հաղորդման ավարտին հաղորդավար Էլիզաբեթ Կյանը հրապարակայնորեն ներողություն խնդրեց միջադեպի համար։

«Խմբագրության անունից ես ներողություն եմ խնդրում հայերից։ Երեկ մենք ներկայացրել ենք քարտեզ այն ծրագրում, որը Թուրքիայի մասին էր։ Ներկայացված էր սխալ քարտեզ։ Դա հավաքական սխալ էր։ Մեծ սխալ էր, բայց ներողամիտ եղեք, որևէ դիտավորություն չկա»,-հայտարարեց հաղորդավարը»,-ասվում է հոդվածում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ֆրանս-գերմանական Arte հեռուստաալիքը ներողություն է խնդրել առանց Հայաստանի քարտեզ հեռարձակելու համար