ԱԺ-ն ընդունեց «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը
Քաղաքական
11:38 26/03/2025
Հայաստան

ԱԺ-ն ընդունեց «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը:

Կողմ քվերակեց 64 պատգամավոր, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 0:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, «Պատիվ ունեմ»-ը դեմ քվեարկեց։

Նախքան քվեարկությունը, հարցի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ մեծամասնության արկածախնդրությունը շարունակվում է:  Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ իրենց դիրքորոշումը ոչ միայն մնացել է անփոփոխ՝ չմասնակցել քվեարկությանը, այլ ավելի է ամրապնդվել իրենց խոսքերի ճշմարտացիությունը։

«Հայաստան և ԵՄ հարաբերությունները պետք է ունենան բնականոն զարգացման ընթացք, ինչի հիմքը CEPA համաձայնագիրն է և այս ուղղությամբ Հայաստանի իշխանություններն ուղղակի անգործության են մատնված, ամենապարզ օրինակը վիզաների ազատականացման շրջանակներում է:  Ոչ մի նորմալ գործողություն չեն ձեռնարկում այս ուղղությամբ, էլ չասած հսկայական ճանապարհային քարտեզը, որ կա ու այս ուղղությամբ բան չեն անում։ Ներկա աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում կտրուկ շրջադարձը, երբ երկրի քաղաքականությունը տեղափոխում է լրիվ ուրիշ հարթություն, որը լի է վտանգներով, շատ դաժան ու իմ խորին համոզմամբ նաև վտանգավոր դրսևորումներ ունի։

Մյուս կարևոր դիտարկումն այն է, որ Հայաստանը ներկայումս շատ հեռու է Եվրոպական Միության անդամակցության նույնիսկ թեկնածուի կարգավիճակի համար պահանջվող Կոպենհագենյան չափանիշներից: Այս չափանիշներին մոտենալու համար մեծ քայլեր պետք է իրականացվեն, առաջին հերթին, ինչպես նշեցինք, հենց CEPA համաձայնագրի շրջանակներում, և այսօր ամպագոռգոռ հայտարարություններ անել և այն էլ բերել այսպիսի մի, ըստ էության, հայտարարություն, բայց ոչ օրենք և պարտադրել Հայաստանի պառլամենտին նման օրենքի ընդունումը, դա մերժելի է»,- ասաց նա:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder