Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ՔՊ իշխանության այս օրերի քայլերը վկայում են, որ դրանք ունեն պատժիչ բնույթ. Թաթոյան
Քաղաքական
17:29 27/03/2025
Հայաստան

Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ՔՊ իշխանության այս օրերի քայլերը վկայում են, որ դրանք ունեն պատժիչ բնույթ. Թաթոյան

«Իշխանությունը ճնշման բացահայտ մեթոդների է անցել Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ՝ նրանց նախընտրական գործունեությունը խոչընդոտելու կամ ավելի հեռուն գնացող նպատակներով: Օգտագործվում են քրեական դատավարության մեթոդներ: Զուգահեռ սաստկացել են իշխանական լրատվամիջոցներով ու սոցիալական մեդիայի էջերով ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ արշավը, վիրավորանքը, ծաղրը»,-արձագանքելով Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուների գրասենյակներում, շտաբներում խուզարկություններին, ձերբակալություններին՝ ընդգծում է Հայաստանի նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանը։

Նա ընդգծում է.

«Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ քրեական վարույթով ճնշման փորձը նրան Քննչական կոմիտե հրավիրելով վաղուց նախաձեռնված ինչ-որ վարույթով, այն էլ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ` նրան զրկելով այդ օրը քարոզչության հնարավորությունից:

Վարդան Ղուկասյանին ձերբակալման ենթարկելու անհամաչափ մեթոդները` առանց իրավաչափ հիմքերի:

Այսօրվա գործողությունները Մարտուն Գրիգորյանի և Կարեն Սիմոնյանի նկատմամբ, խուզարկությունները նրանց գրասենյակներում, քրեական հետապնդման քայլերը նրանց ու նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, ավագանու թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդման գործողությունները ճնշման նպատակ ունեն և այլն:

Մինչդեռ, արտոնյալ վիճակում է իշխանության թեկնածուն:

Ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ՔՊ իշխանության այս օրերի քայլերը վկայում են, որ դրանք ունեն պատժիչ բնույթ, սաստկացել են քվեարկությունից անմիջապես առաջ ու արվում են այնպես, որ ազդում են թեկնածուների նախընտրական հնարավորությունների վրա կամ արվում են հենց այդ նպատակով:

Մեր դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքները կներկայացնենք նաև միջազգային կառույցներին»։
 

Նշենք, որ այսօր առավոտից Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան», «Մեր Քաղաքը» ընդդիմադիր ուժերի նախընտրական շտաբներում, տներում, գրասենյակներում  խուզարկություններ են, որոնց հաջորդեցին ձերբակալություններ։

Ձերբակալվել են  «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին, որոնց Գյումրիից տեղափոխում են Երևան՝ հակակոռուպցիոն կոմիտե։ Ընտրություններին մասնակից ընդդիմադիր ուժերը տեղի ունեցածը որակում են քաղաքական հետապնդում, նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց աշխատանքների խոչընդոտման փորձ։ 

Հետապնդման ենթարկվող թեկնածուներին իրենց աջակցությունն են հայտնել Կոմունիստական կուսակցության կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանը, «Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից առաջադրված Ռուբեն Մխիթարյանը, Գյումրու ավագանու ընտրությունների մասնակից «Դեմոկրտական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։    

Թեմային առնչվող նյութեր՝ 

Մարդն առնվազն մանկամիտ պետք է լինի, որ մտածի՝ նման կերպ կարող է Մարտունին ճնշել. Ռուբեն Մխիթարյան 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում «Մայր Հայաստան» դաշինքին և Մարտուն Գրիգորյանին. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ. Նախօրեին ՔՊ-ում ամփոփվել են Գյումրիում կայանալիք ընտրությունների ավարտական սոցհարցումների արդյունքները

Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն ձերբակալելու որոշում կա. Արսեն Բաբայան

Ինչ արել է ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը, նույն բանի համար ուզում են ձերբակալել Մարտուն Գրիգորյանի որդուն և հորը. Հայկ Մամիջանյան

Դուռ փակել են, ներս մտնել չենք կարողանում. Ի՞նչ է կատարվում Մարտուն Գրիգորյանի գրասենյակում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder