Մարիա Զախարովա. Մոսկվան նպատակադրված է Երևանի հետ հարաբերությունների լայնածավալ զարգացմանը
Քաղաքական
16:28 27/03/2025
Տարածաշրջան

Մարիա Զախարովա. Մոսկվան նպատակադրված է Երևանի հետ հարաբերությունների լայնածավալ զարգացմանը

Մոսկվան նպատակադրված է լիարժեք զարգացնել հարաբերությունները Երևանի հետ և շահագրգռված է այս հարցի վերաբերյալ առարկայական քննարկում անցկացնել։ Այդ մասին մարտի 27-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Կարծում եմ, որ մենք պետք է խոսենք կոնկրետ քայլերի մասին։ Պատմական համատեքստում այլ կերպ չի կարող լինել»,-նշել է Զախարովան և հավելել. «Մենք հարևան երկրներ ենք, մեր հումանիտար շփումներն իրենց բնույթով արհեստական ​​չեն, այլ ավելի շուտ բնական դրսևորում են: Մեզ վիճակված է աշխարհագրությամբ, ճակատագրով և պատմությամբ զարգացնել հարաբերությունները։

 «Այո, հավանաբար, կան մարդիկ, ում այն դուր չի գա։ Մենք ելնում ենք նրանից, որ մեր դիրքորոշումը սահմանված է թե՛ երկրի նախագահի կողմից, թե՛ դոկտրինալ փաստաթղթերով, և դա ուղղված է հենց Հայաստանի և այս երկրի ժողովրդի հետ հարաբերությունների լայնածավալ զարգացմանը»։

Մարիա Զախարովան մեկնաբանել է նաև Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե Երևանը չի նախատեսում վերադառնալ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափին՝ հաղորդակցությունների ապաշրջափակման համար։

Զախարովան նշել է. «Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման թեման Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վստահել են համակարգող փոխվարչապետերին։ Հայաստանում այդ հարցով զբաղվում է ոչ թե ձեր նշած պետական ​​գործիչը, այլ մեկ ուրիշը։ Այդ դեպքում պետք է Երևանին հարցնել, թե արդյոք պատասխանատուների փոփոխություն է տեղի ունեցել։ Եթե տեղի չի ունեցել, ուրեմը պետք է հարցնել այն գործչին, որը այդ հարցում պատասխանատու է։

Ես նույնիսկ չեմ ուզում մեկնաբանել կոնկրետ անձի հայտարարություն, որովհետև մենք ելնում ենք նրանից, որ դա նրա իրավասությունը չէ և ոչ թե մեր գնահատականից, այլ Հայաստանի ղեկավարության ցուցումներից»,- ասաց նա։

 «Այս իսկապես կարևոր խնդիրը լուծելու համար, 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի համաձայն, ստեղծվել է մասնագիտացված եռակողմ աշխատանքային խումբ՝ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերը ապաշրջափակելու համար։ Դրա շրջանակներում մեծ աշխատանք է կատարվել փոխադարձության և ինքնիշխանության սկզբունքների հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային երթուղիների վերականգնման և իրավական դաշտի և տեխնիկական պարամետրերի համակարգման ուղղությամբ։

Այո, մենք տեսնում ենք արևմտյան երկրների կործանարար ազդեցությունը։ Մենք տեսնում ենք նաև, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները պարբերաբար, երբեմն էլ ոչ հազվադեպ, մեզ համար հարցեր են առաջացնում։ Այս երկու գործոնների պատճառով խմբի ներսում համագործակցությունը կանգ առավ: Մենք բազմիցս մեկնաբանել ենք սա, դա նորություն չէ։

Վստահ ենք, որ վերոհիշյալ խմբում լիարժեք համագործակցության հնարավորինս շուտ վերսկսումը ոչ միայն կնպաստի Հարավային Կովկասի տրանսպորտային և լոգիստիկ համակարգի վերականգնմանը՝ թույլ տալով նրան ինտեգրվել Եվրոպայից Ասիա և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ավելի լայնածավալ սխեմաներին, այլ նաև կապահովի Հայաստանի հետագա սոցիալ-տնտեսական զարգացումը։

Բայց եթե պաշտոնական Երևանի դիրքորոշումը փոխվել է, դա նրա ինքնիշխան իրավունքն է, բայց հետո, թերևս, ավելի ճիշտ կլիներ, եթե դա հայտարարեին համապատասխան մակարդակով»,- նշեց դիվանագետը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder