«Փաստ». Վարչախումբը ստեղծում է եվրաինտեգրման կեղծ պատրանք
Օրվա մամուլ
08:56 27/03/2025
Հայաստան

«Փաստ». Վարչախումբը ստեղծում է եվրաինտեգրման կեղծ պատրանք

«Փաստ» թերթը գրում է.

«Երեկ Հայաստանի Ազգային ժողովը, իսկ ավելի ստույգ՝ ՔՊ-ն, երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Կողմ քվեարկեցին քպականները (64 կողմ), «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ քվեարկեց, իսկ «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։ Վերջինիս ներկայացուցիչներն այս նախաձեռնությունը գնահատեցին որպես արկածախնդրություն և բաժակաճառ:

 

Մինչ քվեարկությունը հայտարարությամբ էր հանդես եկել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը՝ մասնավորաբար հորդորելով «Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին և անհատ պատգամավորներին՝ ձեռնպահ մնալ այս անհեթեթ օրենքի նախագծի օգտին քվեարկելուց, իսկ եթե, այնուամենայնիվ, գործող վարչախումբը պարտադրանքի միջոցով ընդունել տա այն՝ դիմել Սահմանադրական դատարան՝ քննելու նրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը»։

 

«Փաստը» դիմեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանին՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչո՞ւ է անհրաժեշտ դիմել ՍԴ, և ի՞նչ կարծիք ունի այս գործընթացի հետ կապված: Նրա խոսքերով, «Եվրաքվեն» Ազգային ժողով բերելն ու, առավել ևս, քպականներով ընդունելը պետական մակարդակով խաբեություն է և ծաղր ժողովրդավարական արժեքներ դավանող հայ ժողովրդի հանդեպ:

 

Պարոն Չալաբյանը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունն ինտեգրացիոն մեկ այլ կառույցի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, և մնալով այդ կառույցի կազմում և միաժամանակ սկսելով մեկ այլ միությանն անդամակցության գործընթացի իմիտացիա՝ գործող քաղաքական ռեժիմը գնում է հերթական վտանգավոր արկածախնդրությանը՝ դրա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հետևանքներով։ Ըստ մեր զրուցակցի, այս պարագայում պարզապես անհեթեթություն է օրենսդրական նման նախաձեռնությունը: «Ավելին, այն կարող է հանգեցնել ԵԱՏՄ-ում բազմաթիվ անցանկալի հետևանքների», - նշում է Ավետիք Չալաբյանը։

 

Նա համաձայն է այն գնահատականների հետ, որ օրենքի նախագծի տեքստը սին, անբովանդակ հայտարարություն է, որը, ըստ Չալաբյանի, որևէ իրավական հետևանք չունի ո՛չ երկրի ներսում, ո՛չ դրսում։ «Վերոնշյալը հիմք է տալիս պնդելու, որ օրենսդրական այս նախաձեռնությամբ գործող վարչախումբը ստեղծում է եվրաինտեգրման կեղծ պատրանք՝ առաջիկա ընտրություններին իրենից հիասթափված քաղաքացիների ձայները գողանալու համար»,-ասում է մեր զրուցակիցը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Նույն թեմային անդրադառնալով՝ «Հրապարակ»-ը գրում է, որ Եվրաքվեի նախագիծը կգործարկվի ըստ նպատակահարմարության.

 «Չնայած խորհրդարանը երեկ ամբողջությամբ ընդունեց եվրաքվեի նախագիծը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մեկնարկի մասին, սակայն իշխանական մեր աղբյուրները վստահեցնում են, որ նախագիծը կգործարկվի ըստ նպատակահարմարության: Եվ որոշվել է ակտիվ նախաձեռնողականություն չդրսևորել այդ հարցում այնքան ժամանակ, քանի դեռ հույս ունեն Ռուսաստանից ինչ-որ բան պահանջել ու ստանալ` դեպի Եվրոպա գնալու շանտաժը կիրառելով:

 

Իսկ ՌԴ գործընկերներին փորձելու են համոզել, որ չէին կարող անտեսել 60 հազար ՀՀ քաղաքացիների ստորագրությունը, որով ընթացք է տրվել եվրաքվեի նախաձեռնությանը։ Եվ չնայած կային տեղեկություններ, որ հատուկ ԵՄ-ին անդամակցության գործընթացը համակարգելու նպատակով մեկ փոխվարչապետի հաստիք է ավելանալու, և նա պետք է նշանակվի եվրոպամետների թվից, սակայն առայժմ այդ մասին իշխանությունում քննարկումներ չկան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder