Արցախի թեման փակված չէ, քանի դեռ կան մեր հավաքական իրավունքների համար պայքարողներ․ վաղը՝ հանրահավաք Ազատության հրապարակում
Հասարակություն
19:54 28/03/2025
Հայաստան

Արցախի թեման փակված չէ, քանի դեռ կան մեր հավաքական իրավունքների համար պայքարողներ․ վաղը՝ հանրահավաք Ազատության հրապարակում

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է  տարածել, որում․ 

«Միացե՛ք մեծ հանրահավաքին՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության

«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» վերահաստատում և հիշեցնում է, որ վաղը՝ մարտի 29-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության:

Օրակարգային հիմնական հարցերն են՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական և այլ իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակման ջանքերը և Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանությունը:

Հորդորում ենք բոլոր արցախցիներին և Արցախի ցավով ապրող մեր մնացած հայրենակիցներին մասնակցել հավաքին և մեր միասնական ձայնը բարձրացնել Հայաստանում և միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար:

Արցախի թեման փակված չէ, քանի դեռ կան մեր հավաքական իրավունքների համար պայքարողներ:

Հիշեցնենք, որ հանրահավաքը կազմակերպում է «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը», որը ձևավորվել է արցախյան ու հայաստանյան բազմաթիվ կազմակերպությունների ու հանրային գործիչների կողմից՝ ապահովելով լայն համախմբում այս նպատակի շուրջ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder