Փարաքարում Մինասյանը նպատակ ունի թուլացնել ՔՊ-ի մրցակիցներին. Էմին Երիցյան
Քաղաքական
16:10 28/03/2025
Հայաստան

Փարաքարում Մինասյանը նպատակ ունի թուլացնել ՔՊ-ի մրցակիցներին. Էմին Երիցյան

Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից «Կայունություն» կուսակցության (թիվ 4 քվեաթերթիկ) ներկայացուցիչ Էմին Երիցյանը գրում է.

«Փարաքար 2025 VS 2021. Vote siphoning tactic / Քվե քաշելու մարտավարություն

2025-ի ընտրություններին Դավիթ Մինասյանի մասնակցության (առանց նախկին թիմի) մարտավարական պլանն է. քվե քաշել ՔՊ-ին չսատարողներից, բայց օգնել ՔՊ-ին։ Մինասյանի առաջադրումը մարտի 30-ի ընտրություններին նպատակ ուներ առաջին հերթին ծառայել Քաղաքացիական պայմանագրի (ՔՊ) շահերին։ Իր մասնակցությամբ նա ոչ թե փորձում է դառնալ համայնքի ղեկավար, այլ  քվե քաշել ՔՊ-ին ընդդիմադիր տրամադրված ընտրողներից, որպեսզի այդ քվեներով հետագայում կոալիցիա կազմի ՔՊ-ի հետ։

Ի սկզբանե սխալ մարտավարություն, քանի որ 4 մասնակցի պարագայում (ուժերի նման հարաբերկցությամբ) նրանք երկուսով 11 մանդատ չեն կարող ունենալ։

Քաղաքագիտության մեջ սա կոչվում է Vote siphoning tactic / Քվե քաշելու մարտավարություն։ Մինասյանը նպատակ ունի թուլացնել ՔՊ-ի մրցակիցներին՝ ընտրողների ձայները բաժանելով և նոսրացնելով ընդդիմադիր դաշտը։ Ինքը՝ չհավակնելով դառնալ առաջնորդ, ցանկանում է դառնալ որոշիչ երրորդ կողմ՝ հետընտրական կոալիցիա ձևավորելու հարցում։

Չհայտարարելով բաց դաշինք, նա փաստացի գործում է ՔՊ-ի հովանու ներքո՝ որպես «անտեսանելի օգնական»։ Դավիթ Մինասյանը այս դեպքում հանդես է գալիս որպես ստրատեգիական գործիք՝ կանխելու ընդդիմադիր ձայների համախմբումը։

Սակայն հաշվարկը սխալ է։

Այս ընտրություններում ոչ թե 3, այլ 4 քաղաքական ուժ է մասնակցում, ինչն արդեն շրջում է տրամաբանությունը․

Եթե ընտրողը ՔՊ-ից դժգոհ է, բայց տեսնում է ոչ թե մեկ, այլ երկու, երեք այլընտրանքային ընդդիմադիր ուժ, ապա քվեաբաժանումը շատ ավելի անկանխատեսելի է։

Դավիթ Մինասյանն այդ պարագայում արդեն միակողմանի քվեաքաշող չէ, այլ կարող է շփոթություն առաջացնել նույնիսկ այն ընտրողների շրջանում, որոնք այլապես պատրաստ էին կոնսոլիդացվել։

Այսպիսով, հին մոդելն այլևս ուղիղ չի գործում նոր մրցակցային պայմաններում։ Այն, ինչ 2021-ին համարվում էր խելացի հաշվարկ, 2025-ին կարող է վերածվել ձայների պատահական փոշիացման՝ ՔՊ-ի համար ոչ շահավետ ելքով։

 Եզրակացություն

Դավիթ Մինասյանի մասնակցությունը մարտի 30-ի ընտրություններին նպատակաուղղված է քողարկված կոալիցիայի պատրաստմանը ՔՊ-ի հետ։ Սա ոչ թե սեփական օրակարգով ինքնուրույն թեկնածուի, այլ քաղաքական գործառույթի մասնակցություն է»։

Հիշեցնենք, որ 2021 թ.  Էմին Երիցյանը «Դավիթ Մինասյան» դաշինքի անդամ էր։ Քվեարկության արդյունքում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացավ 10 մանդատ,  ՔՊ-ն՝ 6 մանդատ, «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 5 մանդատ։  Դաշինքը համաձայնության էր եկել ՔՊ-ի հետ, և այդ գործակցությամբ Դավիթ Մինասյանն ընտրվեց համայնքի ղեկավար՝ առաջին 2.5 տարով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder