Մարտուն Գրիգորյան. Գյումրիում երեկվանից 360 աստիճան բան է փոխվել, տրամադրություններ են փոխվել ոչ ի օգուտ իշխանության
Քաղաքական
22:26 28/03/2025
Հայաստան

Մարտուն Գրիգորյան. Գյումրիում երեկվանից 360 աստիճան բան է փոխվել, տրամադրություններ են փոխվել ոչ ի օգուտ իշխանության

«Ընդհանուր իրավիճակը մի փոքր լարված է, բայց հաղթահարելի է, տանելի է։ Ամեն դեպքում ընտրություններ են հանրապետության երկրորդ քաղաքում»,- 168.am-ին տված հարցազրույցում ասաց «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ ամփոփելով նախընտրական քարոզարշավը։

Հիշեցնենք, որ Գյումրիում մարտի 30-ին կկայանան ավագանու արտահերթ ընտրություններ։ Մարտի 29-ին լռության օր է, որևէ քարոզչություն արգելված է։

«Գյումրիում երեկվանից 360 աստիճան բան է փոխվել, հստակ ձեզ ասում եմ, մարդկանց մոտ տրամադրություններ են փոխվել և այդ տրամադրություններն ի օգուտ իշխանության չեն։ Այդ տրամադրությունների, կոնկրետ դրական առումով, շահառուն ես եմ դարձել, չնայած նրան, որ իմ ընտանիքի անդամներին՝ հորս ու տղայիս, փորձեցին թիրախավորել, ձերբակալեցին, մեկ օր պահելուց հետո այսօր նրանց նկատմամբ վարչական հսկողություն է սահմանվել։ Այդ քայլով կոնկրետ ինձ ու իմ թիմին լուրջ օգուտ տվեցին։ Ճիշտ է, իրավիճակը տհաճ էր, զբաղված էինք ձերբակալություններով, թեև կարևոր հանդիումներ ունեինք»,- ասաց Մ. Գրիգորյանը։ 

Նա պատմեց, որ այսօր իր թիմակիցները շրջել են քաղաքում, բնակիչների հիմնական ասելիքը եղել է՝ «մեր քաղաքում մեր քաղաքի տղուն թիրախավորե՞ն, այդպես խփե՞ն, մենք կպատասխանենք մարտի 30-ին»։ 

Նշենք, որ երեկ առավոտից Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան», «Մեր Քաղաքը» ընդդիմադիր ուժերի նախընտրական շտաբներում, տներում, գրասենյակներում խուզարկություններ էին, որոնց հաջորդել էին ձերբակալություններ։ Ձերբակալվել էր նաև  Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին, նաև Գրիգորյանի թիմակիցները։ 

Ինչո՞ւ պետք է գյումրեցին ընտրի «Մեր քաղաքը» դաշինքը

«Մենք ներկայացրել ենք ծրագիր՝ բավականին հետաքրքիր, իրատեսական։ Ես 14 տարի Ազգային ժողովում եմ, ունեմ պառլամենտական աշխատանքի փորձ, գիտեմ՝ ինչպես աշխատել՝ օգտագործելով ավագանիների ուժերը, պատգամավորների հնարավորությունները, իմ պատկերացումները ու այս բոլորը միասին  ամբողջական տարբերակով ներկայացնել իշխանություններին ու հասնել խնդիրների լուծման»,- ասաց քաղաքապետի թեկնածուն։ 

Մարտուն Գրիգորյանը նշեց, որ 8 ընդդիմադիր ուժերով տեղամասերում՝  իրենց վստահված անձանցով, հանձնաժողովների անդամներով, կկարողանան տեր կանգնել քաղաքացիների քվեին։  Հարցին՝ այսինքն ձեր ձայներին կարո՞ղ եք տեր կանգնել, քաղաքապետի թեկնածուն պատասխանեց. «Այո, միանշանակ»։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder