Վերադարձի իրավունքն ինչ-որ անկատար երազանք չէ, այն իրավունք է,որը պետք է պաշտպանել և առաջ մղել․ Գեղամ Ստեփանյան
Քաղաքական
16:22 29/03/2025
Հայաստան

Վերադարձի իրավունքն ինչ-որ անկատար երազանք չէ, այն իրավունք է,որը պետք է պաշտպանել և առաջ մղել․ Գեղամ Ստեփանյան

 «Մեզ՝ բոլորիս, հազարավոր մարդկանց, այսօր այս հրապարակում հավաքել է մի պարզագույն մղում՝ տեր կանգնել սեփական իրավունքներին: Եթե կլինեն մարդիկ, որոնք կփորձեն ինչ-որ սպիտակավորումներ տալ, թե իբր սա սոսկ սոցիալական աջակցության պահպանման համար պայքար է, ապա նրանք պարզապես զուրկ են տարրական բարոյականությունից, զուրկ են մարդկային ապրումակցումից և դիմացինի իրավիճակը հասկանալու բանականությունից»,- այս մասին Ազատության հրապարակում  տեղի ունեցող «Ի պաշտպանություն արցախցիների իրավունքների» հանրահավաքի ժամանակ իր ելույթում  ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ բռնի տեղահանվածներին կեցության համար տրվող սոցիալական աջակցությունն այն նվազագույնն է, որ անհրաժեշտ է արցախցիներին Հայաստանի Հանրապետությունում պահելու, նրանց նվազագույն կարիքները հոգալու համար:

«Սոցիալական աջակցությունը տեղահանվածների համար կենսական կարևորություն ունի, և դա այդպես է ո՛չ միայն Հայաստանի Հանրապետությունում, դա այդպես է ամբողջ աշխարհում: Հետևաբար, խիստ կարևոր է պահպանել այն այնքան ժամանակ, քանի դեռ յուրաքանչյուր տեղահանված ընտանիքի կեցության հարցը արժանապատիվ և մեկընդմիշտ լուծված չէ: Սոցիալական այս խնդիրը բարձրաձայնելը բնավ ինքնանպատակ չէ: Պարզապես մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ աջակցության դադարեցումը աղետալի հետևանքներ է ունենալու՝ հազարավոր ընտանիքների մատնելով անօթևանության և չքավորության, միևնույն ժամանակ՝ դրդելով արտագաղթի: Իսկ մենք ուզում ենք ապրել մեր մայր հայրենիքում, մենք ուզում ենք ապրել արժանապատիվ՝ մեր հոգում և սրտում պահելով մեր փոքր հայրենիք վերադառնալու ցանկությունը և նպատակը»,- հայտարարեց Ստեփանյանը։

 Նա նաև անդրադարձավ Արցախի ժողովրդի իրավունքների հիմնաքարը հանդիսացող՝ բավական անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի մասին:

«Ինչ էլ ուզում է լինի, որևէ այլ տեղում կամ որևէ այլ պայմաններում Արցախի ժողովրդի իրավունքները չեն կարող պահպանված լինել այնպես, ինչպես սեփական հայրենիքում, սեփական հողում, սեփական տանը և սեփական օջախում: Ես գիտեմ, որ այստեղ հավաքված մարդիկ ամեն օր քնում և զարթնում են սեփական տուն վերադառնալու հույսով և հավատով: Սիրելի՜ հայրենակիցներ, սոցիալական հոսքի տակ ընկած, մի՛ թողեք ձեր մեջ մարի վերադառնալու մղումն ու հույսը: Անիրատեսություն սերմանողներին հստակ պատասխանեք, որ թույլ չենք տա մեզ հրաժարվել ինքներս մեզանից, մեր գոյության իմաստից: Թույլ չենք տա մեզ և մեր սերունդներին զրկել հայրենիք վերադառնալու իրավունքից: Թույլ չենք տա ուրանալ մեր սուրբ գաղափարները: Եթե ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի ներքո մենք լքել ենք մեր հայրենիքը, ապա դա չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք այնտեղ վերադառնալու մեր իրավունքից: Վերադարձի իրավունքը ինչ-որ անկատար երազանք չէ, հեքիաթային մի պատում չէ: Այն իրավունք է, իրավունք, որն ամրագրված է և որը պետք է պաշտպանել և առաջ մղել»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը։

Իր ելույթում Ստեփանյանը նաև ընդգծեց, որ օրեր առաջ, Սփյուռքի մեր հայրենակիցների հետ համատեղ համակարգված աշխատանքի արդյունքում, Շվեյցարիայի խորհրդարանի 2 պալատների կողմից ունեցել են բանաձև, որը վերահաստատում է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը:

«Եվ ըստ այդմ, մեր միասնական պահանջը՝ ուղղված առաջին հերթին Հայաստանի Հանրապետության իշխանություններին և հետո նաև միջազգային դերակատարներին, այն է, որ Արցախի ժողովրդի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի հարցը դառնա բանակցային օրակարգի մաս: Մեր ուղերձն այն է, որ հակամարտության արդարացի կարգավորում չի կարող լինել հաևյուր հազարավոր մարդկանց խախտված իրավունքների և խեղված ճակատագրերի վրա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վերադարձի իրավունքն ինչ-որ անկատար երազանք չէ, այն իրավունք է,որը պետք է պաշտպանել և առաջ մղել․ Գեղամ Ստեփանյան