ՀՀ իշխանությունները գործնական քայլեր չեն կատարել Արցախում մշակութային ցեղասպանության քաղաքականությունը զսպելու ուղղությամբ․  Լեռնիկ Հովհաննիսյան
Մշակույթ
18:16 29/03/2025
Հայաստան

ՀՀ իշխանությունները գործնական քայլեր չեն կատարել Արցախում մշակութային ցեղասպանության քաղաքականությունը զսպելու ուղղությամբ․  Լեռնիկ Հովհաննիսյան

«1907թ.-ին Փարիզի Սուրգոնի համալսարանի պատմության պրոֆեսորը, երբ որ դասակարգում էր համաշխարհային ճարտարապետության գոհարները, այդ ցանկում իր պատվավոր տեղն էր գրավել Գանձասարը: Սրանից 70 տարի հետո Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, Էրմիտաժի խորհրդի անդամ Անատոլի Յակոբսոնը Գանձասարը համարեց հայկական ճարտարապետության ամենակարևոր մարգարիտը: Եվ այսօր մեզ ասում են՝ Գանձասարը քոնը չէ, 5000-ից ավելի հուշարձանները քոնը չեն»,- այս մասին Ազատության հրապարակում ընթացքող հանրահավաքի ընթացքում ասաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի  թեմական խորհրդի ատենապետ , ազգագրագետ  Լեռնիկ Հովհաննիսյանը։

 Նա ընդգծեց՝  ճարտարապետ Թամանյանի նախագծած երկրորդ քաղաքը՝  Ստեփանակերտը, այսօր  ոչնչացվում է։

«Ջնջվում է մեր պատմական հետքը, մեզ կտրում են մեր արմատներից ու ցանկանում են ջնջել մեր ինքնությունը: Այսօր ամբողջ համաշխարհային մարդկության առջև Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ կատարվում է դասական մշակութային էթնիկ ցեղասպանական քաղաքականություն: Մեզ ցեղասպանության ենթարկվելուց հետո, բռնագաղթի միջոցով, այսօր մեր մշակութային ժառանգությունները ենթարկվում են մշակութային ցեղասպանության: Արցախը վատ տեղ չէր, Արցախը հայկական մշակույթի և նրա մշակութային ժառանգության գանձարան է, որը այսօր վտանգված է: Մենք ասում ենք՝ պետք է հայցեր ներկայացնենք միջազգային մարդու իրավունքների եվրոպական դատարաններ, նշանակում է նորից կանաչ լույս վառել Ադրբեջանի համար, որտեղ Ադրբեջանը քայլ առ քայլ հստակ գնում է մեր ոչնչացման»,- նշեց  ազգագրագետը։

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը նման փորձ արդեն ունի՝ Նախիջևանում, այսօր նույնը կատարվում է Արցախում։

 «Ադրբեջանը չի վարանում այդ ամենը կատարել հիբրիդային պատերազմի միջոցով նաև Հայաստանի Հանրապետության դեմ: Այսօր ցանկացած ադրբեջանական կայք մտեք, կտեսնեք, որ Հայաստանի Հանրապետության բոլոր տեղանունները ադրբեջանականացված, թուրքականացված են: Սա նույնպես մշակութային ժառանգության դեմ ցեղասպանական քաղաքականություն է: Եվ եթե մենք մեր միասնականության շնորհիվ չբռնենք թշնամու ձեռքը և անընդհատ խոսենք ինչ-որ շինծու գաղափարախոսություններից, խաղաղության խաչմերուկից, հայցերի փոխադարձ վերադարձներից, ապա մենք սրանով նորից կանաչ լույս ենք վառում մեր թշնամու առջև»։

Ազգագրագետը նաև հայտարարեց, որ թե՛ միջազգային հանրությունը, թե՛ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, բացի մի քանի հայտարարություններից, հստակ, գործնական քայլեր չեն կատարել Արցախում մշակութային ցեղասպանության քաղաքականությունը զսպելու ուղղությամբ:

«Նույնիսկ մի հասարակ մշտադիտարկում չենք կարողանում անցկացնել, որպեսզի կարողանանք իմանալ, թե ի վերջո ինչ է կատարվում մեր մշակութային ժառանգության նկատմամբ Արցախում: Այսօր այդ մեխանիզմները չեն գործում:

Սիրելի՜ հայրենակիցներ, եթե ցանկանում ենք, որ նորից Գանձասարում, Դադիվանքում հնչի եկեղեցական աղոթքը, և եթե ցանկանում ենք, որ մեր հոգևոր սպասավորները կատարեն, մատուցեն պատարագ մեր հայկական ճարտարապետության գլուխգործոց հանդիսացող ճարտարապետական հուշարձաններում, ապա մենք պետք է ապրենք Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի կարողանանք նորից համախմբված վերադարձով փրկենք մեր մշակութային ժառանգությունը»,- ասաց Հայ առաքելական եկեղեցու  Արցախի թեմի  թեմական խորհրդի ատենապետը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder