Որևէ մեկը բարոյական, իրավական ու քաղաքական իրավունք  չունի ասելու՝ արցախցին փախստական է․ փաստաբան
Իրավունք
17:50 29/03/2025
Հայաստան

Որևէ մեկը բարոյական, իրավական ու քաղաքական իրավունք չունի ասելու՝ արցախցին փախստական է․ փաստաբան

Փաստաբան  Դավիթ Հովհաննիսյանը, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ,  խոսեց արցախցիների խնդիրներից, մասնավորապես՝ անդրադառնալով  փախստականի կարգավիճակի հարցին։

 

 «Դուք, հարգելի արցախցիներ, վերջին 30 տարիների ընթացքում՝ Արցախի անկախության ամբողջ ժամանակահատվածում, որևէ մեր հայրենակից Հայաստանից Արցախ եկած, Արցախում բնակվող կամ Արցախում հյուրընկալված մեր հայրենակցին երբևէ համարե՞լ է փախստական։ Վերջին 30 տարիների ընթացքում՝ Արցախի անկախությունից հետո մինչև 2020թ.-ը, երբ դուք եկել եք այստեղ՝ մայր հայրենիք, ձեզ երբևէ որևէ մեկը համարե՞լ է փախստական»,- հարցրեց փաստաբանը՝ ստանալով «ոչ» պատասխան։

Այնուհետև շարունակեց․ «Հիմա ի՞նչն է փոխվել, ինչու պետք է 2020թ.-ից հետո ինչ-որ մեկի ցանկությամբ 150.000 մարդ դառնա մայր հայրենիքում փախստական։ Սա անարդարացի վերաբերմունք չէ արցախցիների նկատմամբ։ Չկա տարբերություն՝ ինչպես արցախցին, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր քաղաքացի՝ գորիսեցին, Ղափանում ապրողը կամ արթիկցին նույն ձևի ստացել են նույն անձնագիրը, ստացել են նույն զինվորական գրքույկը, ստացել են նույն վարորդական վկայականը, նույն նույնականացման քարտը։ Եվ ինչու է հիմա 9 ամիս սովի մատնված, պատերազմներով անցած ազգի, ավելի շատ տառապած ազգի արցախցի հատվածը համարվում փախստական։ Սա անարդարություն է, որի դեմ պետք է պայքարել միասնաբար, պետք է պայքարել ազգովի»։
 

Արցախցի փաստաբանը հայտարարում է ՝ բոլոր արցախցիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։

«Ձեզնից յուրաքանչյուրը, անկախ նրանից, որ բնակավայրում է ծնվել և որտեղ է մեծացել,ՀՀ քաղաքացի է։ Տալիս եմ պարզաբանում։ Հայաստանի Հանրապետությունում ունենք գործող օրենք և քաղաքացիության մասին Հայաստանի Հանրապետության օրենքը։ Այդ օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածների համաձայն, այն անձը, որը Հայաստանի Հանրապետությունում ստացել է անձնագիր և նույնականացման քարտ, համարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այդպիսի անձնագիր և նույնականացման քարտ ստացել են բոլոր արցախցիները, սակայն ինչ-որ մեկի ցանկությամբ մեզ, անվանում են փախստական, քաղաքացիություն չունեցող անձ։ Ինչ է ստացվում՝ մեզ տվել են կե՞ղծ անձնագրեր, մեզ խաբե՞լ են, ասել են՝ դուք Հայաստանի քաղաքացի եք, մենք այդպես խաբված տասնյակ տարիներ ապրե՞լ ենք։ Իհարկե՝ոչ։  Հիմա հայտարարում են պաշտոնապես, որ որևէ մեկը բարոյական և իրավական իրավունք չունի որևէ արցախցու անվանելու փախստական։ Ինչպես նաև ոչ մեկը բարոյական, իրավական, ինչպես նաև՝ քաղաքական իրավունք չունի ասելու, որ արցախցին քաղաքացիություն չունեցող անձ է։ Սա հայ ազգը պառակտում է, այսպիսի մոտեցումը պառակտիչ մոտեցում է»,- ասաց Դավիթ Հովհաննիսյանը։

Փաստաբանը նաև անդրադարձավ արցախցիների կենսաթոշակներին վերաբերող հարցերին։ 

«Հարյուրավոր մարդիկ ուզում են անցնել կենսաթոշակի, քանի որ հասել են համապատասխան տարիքի, սակայն չեն կարողանում, քանի որ կառավարության որոշման համաձայն պետք է ներկայացնել սոց. վճարի մասին տեղեկանք կամ արխիվային տեղեկանք։ Արցախից տեղահանված անձինք չեն կարող ներկայացնել այդ տեղեկանքները, քանի որ Արցախի հարկային մարմինը կամ համապատասխան պետական մարմինը, ով պետք է տա սոց. վճարի մասին տեղեկանք, այլ պետական մարմինը պարզապես գոյություն չունի, լուծարվել է»,- ասաց նա։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder