Գյումրում ՔՊ-ի վստահված անձը նախ թաքցրեց իր կողմից լրացվող եռանիշ թվերով թերթիկը, ապա պատռեց այն
Քաղաքական
17:28 30/03/2025
Հայաստան

Գյումրում ՔՊ-ի վստահված անձը նախ թաքցրեց իր կողմից լրացվող եռանիշ թվերով թերթիկը, ապա պատռեց այն

Գյումրու ընտրական տեղամասերում ՔՊ կուսակցության վստահված անձինք բոլորը եռանիշ թվերով տպագրված թերթիկներում նշումներ են անում։ Նրանցից մեկից հանձնաժողովի անդամները պահանջել են ցույց տալ թղթերը, որը նա թաքցրել է և ճնշումների տակ միայն ցույց տալուց հետո պատռել դրանք

Մինչ այդ Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Գոհար Մելոյանը հայտարարել էր. «Գյումրիում մի շարք տեղամասային կենտրոններում արձանագրել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձանց կողմից ցուցակների վարում։ Ընտրողների մուտքից հետո կատարում են նշում։ Ենթադրելի է, որ անհատականացնելով՝ ընտրողների հաշիվ են վարում»։

Ըստ նրա, հնարավոր է խաթարվում է մարդկանց ազատ ընտրական իրավունքը՝ ուղղորդմամբ և վերահսկողությամբ։

 

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձեւավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։
Իր գործունեության 6 տարիների ընթացքում կազմակերպություն իրականացրել է իրազեկող գործունեություն, կազմակերպել է դասընթացներ մարզերում։
ՊԶՄԿ-ն նաեւ իրականացնում է դիտորդական առաքելություն ընտրական գործընթացներում, որի համատեքստում կազմակերպում է դասընթացներ եւ վերապատրաստում դիտորդների։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder