Քաղաքագետ. Այս դեպքում Մարտուն Գրիգորյանը պարզ ճակատով կարող է ասել՝ ես արել եմ այն, ինչ ինձնից պահանջել է հանրությունը
Քաղաքական
17:09 31/03/2025
Հայաստան

Քաղաքագետ. Այս դեպքում Մարտուն Գրիգորյանը պարզ ճակատով կարող է ասել՝ ես արել եմ այն, ինչ ինձնից պահանջել է հանրությունը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի համար ակնկալելի էին Գյումրիում նախօրեին կայացած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները, միայն մի փոքր հաշվի չէր առել, որ իշխանությունները կգնան այդ աստիճանի կեղծքների ու ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանի ձայները 10 տոկոսով կբարձրացվեն։ Այս մասին քաղաքագետն ասել է 168.am-ի հետ զրույցում։

Ինչ վերաբերում է  ստեղծված իրավիճակում ելքին, Համբարյանը նշել է.  «Քաղաքականության մեջ ծուղային իրավիճակներ չպետք է լինեն։ Եվ Մարտուն Գրիգորյանը, և Վարդան Ղուկասյանը բավական երկար  տարիներ քաղաքականության մեջ են, իրենք պետք է շատ լավ պատկերացնեին, թե ինչեր կարող էին տեղի ունենալ ընտրությունների ժամանակ։

Բոլորը սպասում են Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը, ամեն ինչ իրենից է կախված։ Ես ավելի խորքային գիտեմ նրանց միջև գոյություն ունեցող տարաձայնությունները, որոնց մասին չեմ բարձրաձայնի, բայց ամեն դեպքում, քանի որ Մարտուն Գրիգորյանը մտել է այս խաղի մեջ, ուրեմն պետք է կանխորոշեր նման ելք։ Այսօր ողջ հայությունը ուշադիր սպասում է  Մարտուն Գրիգորյանի որոշմանը։ Որոշումն իրենն է, ինքը պետք է որոշի։

Եթե Մարտուն Գրիգորյանը չհամագործակցի  Վարդան Ղուկասյանի հետ, Գյումրիում իշխանություն չի ձևավորվի, տեղի կունենան հերթական արտահերթ ընտրություններ։

Երկրորդ փուլ չկա։

Բայց այդ ընտրությունների ժամանակ Մարտուն Գրիգորյանը 0 տոկոս է ստանալու, եթե հանդգնի մասնակցել այդ ընտրություններին։ Բացի այդ, չի բացառվում, որ մինչև հաջորդ արտահերթ ընտրությունները Փաշինյանն ուղղակի  հաշվեհարդար տեսնի այն բոլոր ընդդիմադիրների նկատմամբ, ովքեր այս ընտրությունների ժամանակ ձայներ են տարել»։

Նրա համոզմամբ, այս իրավիճակում գյումրեցիների համար ամենաարդյունավետ լուծումը կլինի՝ Մարտուն Գրիգորյանի ավագանու ինչ-որ անդամներ ձայն տան Վարդան Ղուկայանին, որպեսզի նա դառնա քաղաքապետ. «Այս դեպքում Մարտուն Գրիգորյանը պարզ ճակատով, գլուխը բարձր պահած կարող է ասել՝ ես արել եմ այն, ինչ ինձնից պահանջել է հանրությունը՝ իշխանությունը տալ ընդդիմությանը։

Հասկանում եմ, դա բարդ է, դժվար նրա համար, բայց ինքն էլ է շատ լավ հասկանում, որ անձնական խնդիրները ...  Փաշինյանը պետք է Գյումրիում պարտություն կրի»։

Գ.Համբարյանը նաև նշել է, որ Գյումրիի ու Փարաքարի ընտրությունները Փաշինյանին ցույց տվեցին, որ  վարչական ռեսուրսները, ուժային կառույցների հնարավորություններն օգտագործելով, Գյումրիի պարագայում  նաև ենթադրյալ կեղծ ընտրողներին բերելով ու գրանցելով, 30  տոկոսից մի փոքր ավելի ձայն է ստանում։

«Սա է նրանց վարկանիշը, սա է նրանց հնարավորությունները»,- ընդգծել է քաղաքագետը։

 Միաժամանակ Համբարյանը  նշել է, որ չի կարծում ընտրություններով հնարավոր լինի Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։

«Համապետական ընտրությունների ժամանակ ինքը կանցնի տոտալ կեղծիքների։ Համպետական ընտրությունների դեպքում, նաև Գյումրիի ու Փարաքարի դասերը հաշվի առնելով, ավելի մեծ ռեպրեսիվ գործողությունների, ճնշումների է գնալու ընդդիմության նկատմամբ, օգտագործելու է  ընտրակեղծիքների բոլոր ձևաչափերն ու հնարավորությունները։

Նիկոլի հետ պետք չէ գնալ ընտրությունների։ Պետք է ամեն ինչ անել, որ հաջորդ ընտրությունները լինեն առանց Նիկոլի։ Եթե նա վերահսկի այդ ընտրությունները, երբեք իշխանություն չի փոխվի»,- ասել է Գագիկ Համբարյանը։

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով Գյումրիում մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ՝

1. Քաղաքացիական պայմանագիր-14 մանդատ.

2. Կոմունիստական կուսակցություն-8 մանդատ.

3. Մեր քաղաքը-6 մանդատ.

4. Իմ հզոր համայնք-3 մանդատ.

5. Մայր Հայաստան-2 մանդատ.

Որպեսզի ընդդիմության հավաքած ամենաշատ ուժը՝ Կոմունիստական կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է, ընտրվի քաղաքապետ, մյուս երեք ընդդիմադիր ուժերը պետք է իրենց քվեներից տան վերջինիս։ «Մայր Հայաստան» կուսակցությունն ու «Իմ հզոր համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն արդեն հայտարարել են, որ պատրաստ են իրենց իրենց ավագանիների կազմով քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին։ Մարտուն Գրիգորյանը դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքագետ. Այս դեպքում Մարտուն Գրիգորյանը պարզ ճակատով կարող է ասել՝ ես արել եմ այն, ինչ ինձնից պահանջել է հանրությունը