Նախորդ տարի  Հայաստանում արձանագրվել է հանցագործության 40.232 դեպք
Իրավունք
17:34 01/04/2025
Հայաստան

Նախորդ տարի Հայաստանում արձանագրվել է հանցագործության 40.232 դեպք

2024 թվականի ընթացքում Հայաստանում արձանագրվել է հանցագործության 40.232 դեպք (2023 թվականին՝ 40.666 դեպք), որոնցից 18.397-ը (2023 թվականին՝ 20.231 դեպք)՝ Երևան քաղաքում: Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերը նվազել են 434-ով կամ 1.1%-ով: Տվյալները ներկայացված են Գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ։ 

2024 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության և առանձնապես ծանր հանցագործությունների աճ: Միաժամանակ, նվազել են միջին ծանրության և ծանր հանցագործությունների դեպքերը: 2023 թվականի համեմատությամբ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 337-ով կամ 1.7%-ով (2023 թվականին՝ 20.024 դեպք, 2024 թվականին՝ 20.361 դեպք), միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 595-ով կամ 4.6%-ով (2023 թվականին՝ 12.848 դեպք, 2024 թվականին՝ 12.253 դեպք), ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 598-ով կամ 9.8%-ով (2023 թվականին՝ 6116 դեպք, 2024 թվականին՝ 5518 դեպք), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 422-ով կամ 25.1%-ով (2023 թվականին՝ 1678, 2024 թվականին՝ 2100 դեպք):

2024 թվականին 3%-ով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները (2023 թվականին՝ 7138 դեպք, 2024 թվականին՝ 7353 դեպք): 2.2%-ով նվազել են հասարակական անվտանգության, կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները (2023 թվականին՝ 15.847 դեպք, 2024 թվականին՝ 15.502 դեպք), 1.3%-ով՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները (2023 թվականին՝ 11.420 դեպք, 2024 թվականին՝ 11.271 դեպք), 3.6%-ով՝ պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները (2023 թվականին՝ 4704 դեպք, 2024 թվականին՝ 4536 դեպք):

Հաշվետու ժամանակահատվածում 7.6%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (2023 թվականին՝ 1062 դեպք, 2024 թվականին՝ 1143 դեպք), 89.5%-ով՝ մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները (2023 թվականին՝ 19 դեպք, 2024 թվականին՝ 36 դեպք), 11.9%-ով՝ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները (2023 թվականին՝ 176 դեպք, 2024 թվականին՝ 197 դեպք), 111.4%-ով՝ թմրամիջոցների մաքսանենգության հանցագործությունները (2023 թվականին՝ 210 դեպք, 2024 թվականին՝ 444 դեպք), 9.9%-ով՝ խարդախության հանցագործությունները (2023 թվականին՝ 2472 դեպք, 2024 թվականին՝ 2716 դեպք), 25.1%-ով՝ համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները (2023 թվականին՝ 630 դեպք, 2024 թվականին՝ 788 դեպք):

Հանցագործությունների դեպքերի նվազմանը զուգընթաց՝ 2024 թվականին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի 3.4%-ով աճ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder