Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժառանգության ոչնչացում նշանակում է երկրորդ անգամ սպանել ժողովրդին». Արմինե Տիգրանյանի զեկույցը՝ միջազգային հարթակում
Մարտի 28-ին Հունաստանում ՀՀ դեսպանության և Հայ- հունական բարեկամական ընկերության նախաձեռնությամբ և աջակցությամբ կայացել է «Ինքնության փոփոխությունը և հայկական հուշարձանների ոչնչացումը Արցախում» միջոցառումը, որի ընթացքում պատմական գիտությունների թեկնածու, Երևանի Պետական համալսարանի դասախոս, մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանը հանդես է եկել զեկույցով` Արցախի մշակութային ժառանգության պահպանության կարևորության, պահպանության միջազգային մեխանիզմների, Ադրբեջանի կողմից համընդհանուր արժեքների ոչնչացման, յուրացման և արցախահայերի մշակութային իրավունքների պաշտպանության վերաբերյալ։

«Կարևոր միջոցառում էր, նախ՝ Արցախի հուշարձանների պահպանության թեման բարձրաձայնվեց ոչ թե հայկական հարթակից, այլ միջազգային, նաև՝ միջազգային հանրության տևական լռությունից հետո նորից ակտիվություն մտցվեց արցախյան հուշարձանների ոչնչացման հարցում։
Հունաստանում Հայաստանի դեսպանությունն Ադրբեջանի քաղաքականությունն ուղիղ տեքստերով դատապարտեց, հստակ ուղերձ հղվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ա. Տիգրանյանը։

Ա.Տիգրանյանն իր զեկույցում ներկայացրել է Ադրբեջանի հակահայ գործողությունների լայնածավալ ազդեցությունն արցախահայերի մշակույթի իրավունքի իրացման վրա` Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, պղծման, յուրացման, գործառույթի փոփոխման գործընթացներով։
«Արցախի մշակութային ժառանգության հանդեպ թշնամական պահվածքը պարզապես ժառանգությանն ուղղված հարձակում չէ, այլ ինքնության, անհատական ու խմբակային իրավունքների մերժման դրսևորում»,-ասել է նա։
Ա. Տիգրանյանի խոսքով, 2020 թվականի պատերազմն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից Արցախի անփոխարինելի մշակութային արժքների ոչնչացման, պղծման ու յուրացման ամենատարբեր գործողություններով։
«Անցած չորս տարիներին և մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքներում շարունակվում է համակարգված արշավ հայկական հուշարձանների, եկեղեցիների, պատմական գերեզմանոցների և խաչքարերի դեմ։ Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը, կանխամտածված թիրախավորումը, պղծումը խախտում է արցախահայերի մշակույթի իրավունքը՝ մշակութային կյանքին հաղորդակցման, այդ տարածքներ այցելությունների, դրանցով ապագայում կրթվելու և սերունդներին փոխանցելու հնարավորության խոչընդոտման ասպեկտներով»,- նշել է մշակութային ժառանգության փորձագետը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ֆիզիկական ոչնչացման քաղաքականությունն իր հերթին բազմավեկտոր ռազմավարություն է՝ յուրաքանչյուր դեպքում խախտելով արցախահայերի մշակույթի այս կամ այն ասպեկտը. «Այն ընդգրկում է մի քանի ուղղություններ՝ ներառյալ հոգևոր-մշակութային արժեքների ֆիզիկական ոչնչացում (եկեղեցիներ, խաչքարեր, արձանագրություններ, պատկերաքանդակներ), հաղթանակի և ցեղասպանության հիշողության ոչնչացում (Արցախի անկախության շրջանի հուշարձաններ, Արցախյան ազատամարտին, Հայոց ցեղասպանությանն ու Հայրենական պատերազմին նվիրված հուշարձաններ/համալիրները), պատմական հետքի ոչնչացում (պատմական գերեզմանոցներ, ամբողջական թաղամասեր/գյուղեր), աշխարհի հուշարձանների ոչնչացում (թանգարաններ, մերօրյա արժեքներ)»։
Ա. Տիգրանյանը նշել է, որ մշակույթի իրավունքի հարգման պարտավորությունը պահանջում է ուղղակի կամ անուղղակի կերպով ձեռնպահ մնալ մշակութային կյանքին մասնակցելու իրավունքի խոչընդոտման ցանկացած միջամտությունից և ինքնության բացառման խտրականության վերաբերմունքից։
«Ժառանգությունը պետք է պահպանվի, զարգանա, հարստացվի և փոխանցվի գալիք սերունդներին՝ որպես մարդկային փորձառության և ձգտումների արդյունք։ Բայց, ինչպես փաստեցինք, Արցախի մշակութային ժառանգությունը ոչ միայն անխնա ոչնչացվում է ու բռնի յուրացվում է, այլև հերքվում է արցախահայերի ստեղծագործ լինելու հանգամանքը։
Այդ կոնտեքստում, ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում հույժ անհրաժեշտ է արցախահայերի մշակույթի իրավունքի պաշտպանությունն ու երաշխավորումը՝ ներառյալ միջազգային անվտագության երաշխավորությամբ հուշարձաններ «մուտքի», ժառանգության հետ հաղորդակցման հնարավորության ստեղծումը»,- ասել է Արմինե Տիգրանյանը։
Նա մեջբերել է ՅՈԻՆԵՍԿՕ-ի նախկին գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի պնդումը, որ «կարիք չկա ընտրություն կատարելու կյանքներ փրկելու և մշակութային ժառանգությունը պահպանելու միջև. դրանք միմյանցից անբաժան են»։ Նա նաև պնդում է, որ ժառանգության ոչնչացում նշանակում է «երկրորդ անգամ սպանել ժողովրդին»։
Նշենք, որ «Ինքնության փոփոխությունը և հայկական հուշարձանների ոչնչացումը Արցախում» միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Հույն-հայկական բարեկամական ընկերակցության նախագահ Անդոնիս Պավլիդիսը։
