Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
էներգետիկ ըմպելիքները բացասական ազդեցություն ունեն սրտանոթային և նեյրովեգետատիվ համակարգերի վրա
Ըստ ամերիկյան առողջության ազգային ինստիտուտի տվյալների, վերջին տարիներին երիտասարդների և մարզիկների կողմից էներգետիկ ըմպելիքների օգտագործումը զգալիորեն աճել է, սակայն մտահոգություններ են առաջացել ավելորդ սպառման հետ կապված առողջության հնարավոր ռիսկերի վերաբերյալ: Այս մտահոգությունները ներառում են սրտանոթային խնդիրներ, նյարդային համակարգի խանգարումներ և հնարավոր կախվածություն: Հրատապություն է առաջացել ուսումնասիրել մարդու առողջության վրա էներգետիկ ըմպելիքների սուր կամ քրոնիկ չարաշահման ազդեցության մասին կատարված բոլոր զեկույցները:
ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնից նշում են, որ վերլուծությունները ցույց են տալիս զգալի տարածվածությունը և դրա հետևանքով կողմնակի բարդությունները, հատկապես սրտանոթային և նեյրովեգետատիվ համակարգերի վրա բացասական ազդեցությունը. մասնավորապես, վերլուծության արդյունքում հայտնաբերվել է սրտի կանգի 9 դեպք, որոնցից 3-ն ավարտվել են մահվան ելքով:
Սրտանոթային բարդություններով անհետաձգելի բուժօգնության բաժանմունքների այցելությունների, ինչպես նաև մահվան դեպքերի աճող թիվը կապված է էներգետիկ ըմպելիքների հետ: Ուսումնասիրելով առկա գրականությունը, որը գնահատում է էլեկտրոֆիզիոլոգիական և իշեմիկ կողմնակի ազդեցությունները, որոնք կապված են էներգետիկ ըմպելիքների օգտագործման հետ` ԱՄՆ-ի ԱԱԻ-ն ընդհանուր առմամբ, ուսումնասիրության մեջ ներառել է 32 դեպքերի հաղորդում և 19 կլինիկական ուսումնասիրություն: Փորոքային առիթմիան, վերփորոքային տախիկարդիան և սրտամկանի իշեմիան զեկույցներում հաղորդված ամենատարածված դեպքերից էին, և դրանցից 3-ը մահացու ելք են ունեցել: Նկատվել են զգալի էլեկտրոֆիզիոլոգիական փոփոխություններ, ինչպիսիք են PR/PQ միջակայքի կրճատումը/երկարացումը, QT/QTc միջակայքի կրճատումը/երկարացումը և ST-T հարաբերակցության փոփոխությունները:
Կողմնակի ազդեցությունների էթիոլոգիան բացատրվում է այս ըմպելիքներին բնորոշ նեյրոխթանիչ հատկություններով, որոնցում կոֆեինը գերակշռող բաղադրիչ է: Կենդանիների վրա փորձարարական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էներգետիկների ազդեցությունը մարդկանց և կենդանիների վրա համընկնում են:
Առաջարկվում է այս ըմպելիքների օգտագործման ավելի խիստ սահմանափակումներ՝ համեմատած կոֆեինի հետ՝ հիմնվելով ձեռք բերված փորձարարական և գիտական ապացույցների վրա:
Էներգետիկ ըմպելիքների շուկայի աճը, հատկապես երիտասարդների շրջանում, հանգեցրել է կոֆեին օգտագործող երեխաների և դեռահասների կողմից կոֆեինի ընդունման 70% աճի` 1977-ից 2009 թվականների միջակայքում:
Էներգետիկ ըմպելիքները (ED) ըմպելիքների շուկայում ավելի ու ավելի ակտիվ տեղ են զբաղեցնում և վերջին տարիներին մեծ ժողովրդականություն են վայելում, հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում: Առողջապահության և սննդի ազգային հետազոտությունների համաձայն, Միացյալ Նահանգներում դեռահասների և մեծահասակների ED-ի սպառումը զգալիորեն աճել է: ԱՄՆ-ի նյութերի չարաշահման և հոգեկան առողջության վարչության (SAMHSA) զեկույցում նշվել է, որ ED-ի օգտագործման հետևանքով անհետաձգելի բուժօգնության դիմած պացիենտները հիմնականում 18-ից 39 տարեկան են:
Էներգետիկ ըմպելիքները սովորաբար լինում են տարբեր ծավալներով՝ սկսած 60 միլիլիտր չափաբաժնից մինչև 710 մլ տարողությամբ տարրաներ: Դրանք սովորաբար պարունակում են կոֆեին, հաճախ զուգորդվում են այնպիսի բաղադրիչների հետ, որոնք ենթադրաբար բարձրացնում են էներգիայի մակարդակը, ինչպիսիք են տաուրինը, B վիտամինները և տարբերի բուսայուղերի համադրությունները: ED-ում կոֆեինի պարունակությունը սովորաբար տատանվում է 70-ից 200 մգ-ի միջև` 473 մլ չափաբաժնի համար: ED-ի «ժամանակավոր առավելությունները» ներառում են զգոնության բարձրացումը, ֆիզիկական տոկունությունը, նյութափոխանակությունը և կենտրոնացումը:
Վերջին տարիներին էներգետիկ ըմպելիքների օգտագործման հետ կապված շտապ և անհետաձգելի օգնության բաժանմունքների այցելությունների թիվը կտրուկ աճել է: Ըստ SAMHSA-ի զեկույցի, EDS-ի պատճառով շտապ օգնության բաժանմունքների այցերը 2007-ից 2011 թվականներին աճել են 10,068-ից մինչև 20,783 կամ 2 անգամ: Ռազմաօդային ուժերի անձնակազմի շրջանում վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքում Էներգետիկ ըմպելիքներ օգտագործողների գրեթե 1%-ը հայտնել է, որ անհրաժեշտություն է ունեցել դիմել բժշկի կամ շտապ օգնության ծառայության՝ էներգետիկ ըմպելիքների կողմնակի ազդեցությունների պատճառով:
Ըստ ամերիկյան առողջության և սննդի ազգային հետազոտության տվյալների՝ դեռահասների կողմից կոֆեինի օգտագործման միջին ցուցանիշը կազմում է օրական 61 մգ: Չնայած վերջին տասնամյակների ընթացքում երիտասարդների կողմից կոֆեինի ընդունումը նվազել է, սակայն էներգետիկ ըմպելիքների օգտագործումը միաժամանակ աճել է։
Այս ըմպելիքները զգալիորեն տարբերվում են ինչպես կոֆեինի պարունակությամբ (50-ից 505մգ սահմաններում մեկ շշում), այնպես էլ կոֆեինի կոնցենտրացիայով (2,5-ից 171 մգ 28 մլ-ի դիմաց): Համեմատության համար նշենք, որ 170 գրամանոց բաժակում եփած սուրճի մեջ կոֆեինի կոնցենտրացիան տատանվում է 77-ից 150 մլգ:
Այնուամենայնիվ, մեծահասակների համար կոֆեինի առաջարկվող օրական չափաբաժինը 400 միլիգրամ է, իսկ 12-ից 18 տարեկան երեխաների համար` 100 միլիգրամ:
Էներգետիկ ըմպելիքների օգտագործման հետևանքով ռիսկերի նվազեցման նպատակով՝ տարբեր երկրներ դրանց սահմանափակմանն ուղղված տարբեր քաղաքականություններ են մշակում: Օրինակ՝ Դանիայում, Թուրքիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Լատվիայում, Ուրուգվայում, Իսլանդիայում գործում է դրանց բացարձակ արգելք:
«Հայաստանի Հանրապետությունում նույնպես ներկայումս բավականին մեծացել է էներգետիկ ըմպելիքների շրջանառությունը, որոնք ակտիվորեն գովազդվում են որպես էներգիա տվող և ուժերը վերականգնող միջոցներ՝ լռելով դրանց հակացուցումների, հնարավոր բարդությունների, կախվածության առաջացման և չափից շատ օգտագործման դեպքում առողջական լուրջ խնդիրների ի հայտ գալու հնարավորության մասին՝ հատկապես երեխաների ու դեռահասների շրջանում:
Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության (2022թ․) տվյալներով` Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք։
Հատկանշական է, որ ՀՀ «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» թիվ ՀՕ-8-Ն օրենքում փոփոխություններ կատարելու արդյունքում 2025թ.-ի հունվարի 22-ին օրենքով արգլվեց ՀՀ-ում 18 տարին չլրացած անձանց բացի ալկոհոլային խմիչքներից նաև էներգետիկ ըմպելիքների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը»,- նշել են կենտրոնից:
