Նկատի առնելով, որ Գերմանիայի նախագահը մեկնելու է նաև Ադրբեջան՝ Վեհափառ Հայրապետը խնդրանքով է դիմել նրան
Հասարակություն
09:47 02/04/2025
Տարածաշրջան

Նկատի առնելով, որ Գերմանիայի նախագահը մեկնելու է նաև Ադրբեջան՝ Վեհափառ Հայրապետը խնդրանքով է դիմել նրան

Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է այցելել Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունել է Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման գործում և նրա կարևոր ազգապահպան առաքելությունը։

 

Նորին Սրբությունը հաստատել է, որ պատմության ընթացքում հայ ազգն իր հավատքի զորությամբ և առ Աստված ապավինությամբ է դիմագրավել նեղություններն ու փորձությունները, Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի նմանությամբ հաղթահարել բազում գողգոթաներ՝ այդ թվում 20-րդ դարասկզբին իր նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։ Հայոց Հովվապետը հույս հայտնեց, որ նույն հավատքով և ամուր կամքով հայ ժողովուրդը կհաղթահարի վերջին տարիներին հայրենիքին պատուհասած փորձությունները և ներկա ծանր մարտահրավերները։

 

Նկատի առնելով այն, որ Գերմանիայի նախագահը մեկնելու է նաև Ադրբեջան՝ Վեհափառ Հայրապետը խնդրանքով դիմել է պրն Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Բաքվում բարձրաձայնելու Արցախի ժողովրդի արդար իրավունքների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ Նորին Սրբության խոսքի համաձայն, առկա հարցերի հետևողական բարձրաձայնման շնորհիվ վերջիններիս արդար հանգուցալուծմամբ միայն հնարավոր պիտի լինի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել և ժողովուրդների խաղաղ գոյակցության պայմաններ ստեղծել։

 

Գերմանիայի նախագահ Շտայնմայերը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին քրիստոնեական հնագույն սրբավայր այցելելու հնարավորության համար, կարևորեց կրոնների դերակատարությունը ժողովրդների կյանքում խաղաղության և համերաշխության ապահովման գործում։ Պրն. Շտայնմայերը հավաստիացրել է Հայոց Հայրապետին, որ իր միջնորդական ջանքերը կգործադրի ի նպաստ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման։

 

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի հետ միասին Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթք են բարձրացրել առ Աստված աշխարհում խաղաղության և մարդկության բարօր ու ապահով կյանքի համար։

 

Վերջում նախագահը Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի ուղեկցությամբ շրջել է Մայր Տաճարում, ծանոթացել հիմնանորոգված սրբավայրի պատմությանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նկատի առնելով, որ Գերմանիայի նախագահը մեկնելու է նաև Ադրբեջան՝ Վեհափառ Հայրապետը խնդրանքով է դիմել նրան