ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մագիստրոսական ծրագրերի շրջանավարտները պատրաստ են մաս դառնալ լուրջ փոփոխությունների
Կրթություն, գիտություն
16:27 03/04/2025
Հայաստան

ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մագիստրոսական ծրագրերի շրջանավարտները պատրաստ են մաս դառնալ լուրջ փոփոխությունների

ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում օրը տոնական էր։  Հանդիսավոր պայմաններում դիպլոմներ հանձնվեցին  «Կրթության կազմակերպում», «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա», «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագրերի շրջանավարտներին։

Ծրագրերը կադրեր են  պատրաստում հանրակրթության ու բարձրագույն կրթության ոլորտների համար։ «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագիրը, որը ստեղծել են ԵՊՀ-ն և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը, նպատակ ունի հավասար կրթական հնարավորություններ  ապահովել Հայաստանի բոլոր երեխաների համար անկախ բնակության վայրից։

Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը շնորհավորեց շրջանավարտներին մագիստրատուրան հաջողությամբ ավարտելու համար, մաղթեց հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ։

«Ես վստահ եմ, որ դուք ձեր ներդրումը կբերեք մեր հանրակրթական զարգացման գործում։ Վստահ եմ, որ ձեր նվիրական գործը վարակիչ կլինի մեր մյուս երիտասարդների համար»,-ասաց պրոֆեսոր Հարությունյանը։

«Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտ Ներսես Խառատյանը լրագրողների հետ զրույցում ասաց, աշխատում է  Սյունիքի մարզի Կապան համայնքի Ծավ գյուղում որպես հասարակագիտության, պատմության ուսուցիչ։

«Այս մագիստրոսական ծրագիրն առաջին հերթին տալիս է ճկունություն։ Սա նշանակում է, ապրելով ու աշխատելով համայնքում, ունենալ զարգանալու ու կրթվելու հնարավորություն։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը, որի հետ համատեղ ստեղծվել է ծրագիրը, հնարավորություն է տալիս մարդկանց շատ լուրջ փոփոխությունների մաս կազմել։ Այս ծրագրին միանալով՝ մենք հնարավորություն ենք ունենում տեղափոխվել նաև սահմանամերձ համայնքներ, որտեղ չկան ուսուցիչներ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ցանկացած երեխա ունենա կրթության հավասար իրավունք»,-ասաց շրջանավարտ ուսուցիչը։

ԵՊՀ ուսումնական հարցերով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը կրթության ոլորտում առկա իրավիճակը դրամատիկ է որակում, նման պայմաններում էլ այս կրթական ծրագրերը ձեռք են բերում ռազմավարական նշանակություն ու դեր։

«Այսօրվա շրջանավարտները մեր վաղվա արժեքների, ապագայի կրողներն ու ստեղծողներն են»,-ասաց պրոռեկտորը։

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Նազարյանն ընդգծեց՝ տարիներ շարունակ մտածում էին իրենց ստեղծած բովանդակությունն ու փորձառնությունը ֆորմալ տիրույթ բերելու մասին։

«Բոլորի սրտում կար մագիստրոսական ծրագիր ունենալու փափագը, որն այսօր իրականություն է։ Սա մի օրինակ է, թե ինչպես մեկ կազմակերպության գիտելիքը դառնում ավելի հասանալի ու մասշտաբային»,-ասաց հիմնադրամի տնօրենը՝ ընդգծելով, որ հաջողության ու արդյունքի հասնելու համար մասնավորն ու պետականը ոչ թե պետք է հակադրվեն, այլ համադրվեն։

Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը հետադարձ հայացք է գցում 27 տարի առաջ, երբ գործարկեցին առաջին մագիստրոսական ծրագիրը, արդյունքները գոհացնում են նրան։

«Տարեցտարի ծրագրերը կատարելագործվում են։ Այսօր մենք ոչ միայն կադրեր ենք պատրաստում հանրակրթության ոլորտի համար, այլև նախատեսում ենք նաև ծրագիրն անգլերենով կազմակերպել հեռավար կարգով, քանի որ արտասահմանցի ուսանողների կողմից կա մեծ պահանջարկ։ Ուզում եմ փաստել, որ գերազանցությամբ ավարտած մեր շրջանավարտների թիվը տարեցտարի ավելանում է»,-ասաց Նազիկ Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մագիստրոսական ծրագրերի շրջանավարտները պատրաստ են մաս դառնալ լուրջ փոփոխությունների