Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փորձագետ. Եթե վերլուծենք իրականությունն ու փաստերը, կտեսնենք՝ Ալիևը ոչ թե խաղաղություն է բերում, այլ պատերազմ
«Ադրբեջանը հետաքրքրված չէ ունենալ խաղաղ հարաբերություններ Հայաստանի հետ։ Ընդհանրապես, Ադրբեջանը հռչակել է հայությանն Ադրբեջանի թշնամի և, ելնելով դրանից, նպատակ է դրել ոչնչացնել Հայաստանը, որպեսզի այստեղ հայկական պետականություն չլինի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց կովկասագետ Կարեն Իգիթյանը։
Նա ընդգծեց, որ սա թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագիրն է։
Խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարության մասին, որ ինքն է եղել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի նախաձեռնողը, Կ.Իգիթյանն ասաց. «Դա ասել է արտաքին լսարանի համար, եվրոպացիների համար, որտեղ քննադատության է ենթարկվում իր ռևանշիստ, միլիտարիստ և նացիստ քաղաքականության համար, չնայած որևէ պատժամիջոցերի հարց չի քննարկվում իր հանդեպ, բայց միևնույնն է՝ իր քաղաքականությունը, էթնիկ զտումները քննադատվում են Արևմուտքում։
Հիմա ցանկանում է Արևմուտքի աչքին այլ կողմից հանդես գալ՝ խաղաղասեր է, ամեն ինչ անում է խաղաղության համար, խաղաղության համար ինքն է սկսել այս ամենը։
Եթե նայենք փաստերով, կտեսնենք, որ Ադրբեջանը մշտապես հանդես է եկել ուժային դիրքերից։ Միշտ իր հռետորաբանությունը եղել է՝ կամ անում եք այն, ինչ ուզում ենք Արցախի հարցում, կամ կսկսենք պատերամզ։ Միշտ, երբ խոսվել է այն մասին, որ պետք է ուժի կիրառումը բացառվի, խոսքն Ադրբեջանի մասին էր։ Ի վերջո, տեսանք, որ Ապրիլյան պատերազմն էլ էր այդ մասին՝ չեք ուզում հանձնել այն, ինչ ուզում եմ, պատերազմով կվերցնեմ, բայց այն ժամանակ չստացվեց։ Այն ժամանակ Ադրբեջանը քաղաքականապես պարտվեց։ Հետո դա արեց 2020 թվականին, 2021-22 թվականներին Հայաստանի դեմ իր ագեսիան ևս դրա մասին էր, որ գնում էին ու տարածքներ վերցնում՝ կամ մարտերով կամ առանց մարտերի ու ասում՝ հիմա այս դիրքերից ենք խոսելու։ Այնուհետև ուժ կիրառեց և էթնիկ զտում իրականացրեց Արցախում։ Եթե մենք վերլուծենք իրականությունն ու փաստերը, կտեսնենք, որ Ալիևը ոչ թե խաղաղություն է բերում, այլ պատերազմ»։
Արդյո՞ք այս ամենը չի հասկանում Հայաստանի ղեկավարությունը
Կովկասագետն ասաց, որ Հայաստանի իշխանությունները տարբեր ելույթներ են ունենում՝ միաժամանակ նշելով, որ շատ կոնստրուկտիվ են ադրբեջանցիները, լավ առաջընթաց ունեն, հետո ասում են՝ ոչ, ապակառուցողական են, վտանգ կա, այնուհետև հայտարարում՝ որևէ վտանգ չկա։
«Այն, ինչ ասում է Հայաստանի գործող կառավարությունը և այն, ինչ մտածում է, գուցե տարբեր բաներ են։ Յուրաքանչյուր սթափ մարդուն պարզ է, որ Ադրբեջանն արդեն ստեղծել է այդ լարված ֆոնը, հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, ռևանշիստ դիրքերից։ Ադրբեջանում ստեղծված է նացիստական, ռևանշիստական պետություն, որը, բնականաբար, ուզում է գնալ մեծ պատերազմի, նոր հաղթանակ գրանցել Հայաստանի դեմ»,- ասաց Կ.Իգիթյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարութանը, որ «մենք ղարաբաղյան շարժումը մեր կողմից չենք շարունակում, մենք գնում ենք ուրիշ ճանապարհով», փորձագետն ասաց. «Կարծում եմ՝ Փաշինյանը նույն դիրքերում է, ինչ ունեցել է 20 տարի առաջ։ Այդ թևի մարդիկ համարում են, որ Արցախյան շարժումը, Արցախը օգտագործվել է որպես պարան մեր վզին, ինչ-որ վատ բան է։ Փակելով Արցախյան շարժումը, իրենց պատկերացմամբ, փակում են այդ վատ էջը, բացում նոր լավ էջ։ Բայց հրաժարվելով Արցախից ու վերլուծելով փաստերը՝ տեսնում ենք, որ Հայաստանն ունեցավ աննախադեպ անվտանգության խնդիր, որը երբևէ չի ունեցել, երբ կար Արցախը։ Փակելով արցախյան էջը՝ բացում են Սյունիքի էջը, և Ադրբեջանն ակնհայտորեն բացել է այդ էջը։ Հրաժարվելով պատմական իրավունքներից՝ բացվում է Ադրբեջանի կեղծ պատմական պահանջները։ Եթե խոսքն այն է՝ մենք հրաժարվենք, բայց Ադրբեջանն էլ թող հրաժարվի, չի աշխատում, Ադրբեջանը ոչ մի բանից չի հրաժարվում։ Ինչքան շատ է Հայաստանն զիջում իր դիրքերը պատմական, քաղաքական, ապագայի հարցերում, այնքան ավելի շատ Ադրբեջանը շարունակում է իր քարոզչությունը, իսկ քարոզչությունը քաղաքականության միջոց է։ Այդ քաղաքականությունն այն մասին է, որ հայտարարեն հայերին ցեղասպան, զավթող ժողովուրդ, որը եկել ու զավթել է Ադրբեջանի պատմական տարածքը։ Բնականաբար, ի՞նչ պետք է անի թուրք-ադրբեջանական տանդեմը։ Պետք է այդ ամենը հետ բերի։ Սա է Ադրբեջանի քարոզչությունն ու այդ քարոզչությունն արտացոլում է Ադրբեջանի նպատակները»։