Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ում մաքսատուրքերի ներդրումից հետո միլիարդատերերը մեկ օրում տասնյակ միլիարդ դոլարներ են կորցրել
Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են ընդհանուր առմամբ 208 միլիարդ դոլար այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց մի շարք երկրների համար ներմուծման մաքսատուրքերի մասին։ Այդ մասին են վկայում Bloomberg Billionaires Index-ի (BBI) տվյալները։
«Ընդհանուր հարստության նման անկումը չորրորդ ամենամեծ մեկօրյա անկումն է Bloomberg Billionaires Index-ի (BBI) 13-ամյա պատմության մեջ և ամենամեծը Covid-19 համաճարակից ի վեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Meta-ի հիմնադիրը Մարկ Ցուկերբերգը կորցրել է 17,9 միլիարդ դոլար կամ իր կարողության մոտ 9 տոկոսը այն բանից հետո, երբ Meta-ի բաժնետոմսերը հինգշաբթի առևտրի ընթացքում անկում ապրեցին 8,96 %-ով: Միաժամանակ Amazon առցանց մանրածախ առևտրի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը օրվա ընթացքում նվազել է 15,9 միլիարդ դոլարով։ Հինգշաբթի օրը ընկերության բաժնետոմսերը էժանացել են մոտ 9%-ով։
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը՝ Tesla-ի և SpaceX-ի սեփականատերը, կորցրել է 11 մլրդ դոլար, քանի որ Tesla-ի արժեթղթերի արժեքը նվազել է 5,47%-ով։
«Գազետա ռու»-ն գրում է, որ երկու օր առաջ Թրամփը ներդրել է ներմուծման մաքսատուրքերի նոր համակարգ։ Ներմուծվող բոլոր ապրանքների համար բազային դրույքաչափը կկազմի 10%, իսկ առանձին երկրների համար՝ նկատելիորեն ավելի բարձր՝ Չինաստանի համար՝ 54%, Վիետնամի համար՝ 46%, Եվրոպական Միության համար՝ 20%։ Ռուսաստանի Դաշնության դեմ տուրքեր չեն սահմանվել։