Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Եվրոպական խորհրդարանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և Արցախի բռնի հայաթափմանը
Եվրոպական խորհրդարանը ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված նիստ է անցկացրել՝ զուգահեռներ անցկացնելով Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանման փաստի հետ։ Այդ մասին հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի (EAFJD) կայքէջը։
Հաղորդագրության մեջ ասվում է. «Այսօր Եվրախորհրդարանը լիագումար նիստ է անցկացրել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, որի ընթացքում Եվրախորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ ընդգծված զուգահեռներ են անցկացնում պատմական ողբերգության և Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի վերջին բռնի տեղահանման միջև: Եվրախորհրդարանի պատգամավորները կտրուկ կոչ արեցին Թուրքիային և Ադրբեջանին հաշտեցմանն ուղղված վճռական քայլ կատարել և սուր քննադատության ենթարկեցին Եվրամիության շարունակական համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ չնայած վերջինիս գործողություններին:
Մարիամ Լեքսմանը կարևորել է ցեղասպանության ճանաճումը և հաշտեցումը՝ վերհիշելով Հայոց ցեղասպանության փաստը;
«Սա մեզ հիշեցնում է Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունները, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները՝ տեսնելով նաև իրենց մշակութային հուշարձանների սիստեմատիկ ոչնչացումը: Ցավալի հիշեցում՝ առանց հիշողության և ճանաչման, անցյալը կկրկնվի»:
Յանիս Մատինիսը մանրամասն նկարագրել է հույների, հայերի և ասորիների հալածանքները Օսմանյան կայսրությունում մինչև Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանումը։ Համեմատությունն էլ ավելի մեծ կշիռ ստացավ, երբ նա պատմեց, թե ինչպես է իր ընտանիքը ենթարկվել Օսմանյան կայսրության կողմից այդ հալածանքների և դարձել փախստական: Նա նաև կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել իր աջակցությունը ճանաչման հարցում և ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ ճանաչելու «իր անցյալի հանցագործությունները»:
Եվրախորհրդարանի մի քանի պատգամավորներ ընդգծեցին պատմական համատեքստը և շարունակվող քննադատություն: Նիկոլաս Բեյը (ECR) ասել է. «110 տարի առաջ հայ ժողովուրդը ենթարկվել է սարսափելի ցեղասպանության Թուրքիայի կողմից, և նա չի ճանաչել ցեղասպանության այս ակտը: 110 տարի նրանք փորձում են իրենց միացնել հայկական հողերը և արմատախիլ անել հայ ժողովրդին»: «Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին, եկեք միամիտ չլինենք, Ադրբեջանի պահանջները ցույց են տվել Բաքվի անբարյացկամությունը: Մենք պետք է ամուր կանգնենք հայ ժողովրդի կողքին և երաշխավորենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ցանկացած համաձայնագիր կապահովի Հայաստանի տարածքի լիակատար ճանաչումը և հայ ժողովրդին լիարժեք հարգանքը»: