6 տարի մենք ենք իրենց ձեռքը հոգեկան խանգարում ստանում, դուք ինձ եք մեղադրում. Աննա Հակոբյանին «դավաճшն» անվանելու գործով մեղադրյալ
Իրավունք
13:30 04/04/2025
Հայաստան

6 տարի մենք ենք իրենց ձեռքը հոգեկան խանգարում ստանում, դուք ինձ եք մեղադրում. Աննա Հակոբյանին «դավաճшն» անվանելու գործով մեղադրյալ

«Նախ ապրիլի 24-ը Եղեռնի օրը չէ, Հայոց ցեղասպանության օրն է»,- դատական նիստի ժամանակ դիմելով դատարանին՝ ասաց  Տիգրան Դերմոյանը, ով մեղադրվում է  Ծիծեռնակաբերդում անցած տարի ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին «դավաճան» անվանելու համար։

69 տարեկան Տիգրան Դերմոյանն ասաց, որ ինքը մոտեցել է, ծաղիկներ է դրել ու դուրս եկել, 1-2 րոպե է դա ընդամենը տևել. «Ես չգիտեմ՝ ինքը այնտեղ կանգնել է 10 րոպե, թե կես ժամ,  ինձ չի էլ հետաքրքրում։ Իսկ ինչ մնում է՝ ասել եմ, չեմ ասել, եթե  ասած լինեմ՝ ձեզնից չէ, ոչ մեկից չեմ  վախենում, ոչ էլ ամաչում եմ, որ ասեմ՝ ասել եմ,  իրականում չեմ ասել։ Կա իր անվտանգության աշխատողը, մոտեցել եմ ու իրեն ասել եմ՝  ինչու է իրավիճակը սրում, թող ծաղիկները դնի, թողնի գնա։ Գնացեք, իրեն հարցրեք, եթե ուզում եք ճիշտն իմանալ։

Քննիչը քննելուց դրանց կանչեց, ինձ ոչ մի բան չհարցրեց։ Նստեցին, իրար ականջի խոսեցին, գրեցին, թողեցին ու գնացին, չգիտեմ էլ՝ ինչ  են գրել։ Սուտ է, չի եղել  նման բան, ինչու եք ստում։ Ինչ գրել, տվել են, բերել կարդում եք, որ ի՞նչ։ Չի եղել նման բան, ես ոչ մեկից չեմ վախում։ Չի կարելի այդպես։

Թող իրեն մեղադրի,  այդ երեխան մեղք չէր, ինչու 10 րոպե պահեց այնտեղ, հոգեկան խանգարում իր  պատճառով կարող է ստանալ։ Մենք 6 տարի հոգեկան խանգարում ենք ստանում իրենց ձեռքը, դուք ինձ եք մեղադրում, որ ես երեխայի ներկայությամբ «դավաճան» արտահայտությունն եմ հնչեցրել, հա՞»։

Նա ասաց դատավորին, որ եզրափակիչ հայտարարության կարիք չունի. «Ամեն ինչ թողնում եմ ձեր վրա»։  

Դատավոր Ժորա Չիչոյանը հայտարարեց, որ  մայիսի 13-ին կհրապարակվի դատավճիռը։ 

Դատական նիստից հետո Դերմոյանի պաշտպան Արա Պապիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կուզեր դատական ակտը շատ ուշ չկայացվեր. «Ոչինչ, համբերատար կսպասենք։ Ավելի քան համոզված ենք, որ մեղադրանքի հիմքում ապացույց չկա ընկած։ Դերմոյանը մեղադրվում է 10 րոպե 44 վայրկյան վանկարկումների համար, այն դեպքում, երբ ինքը տեսանյութում կա 29 վայրկյան։ Իր կողմից հնչեցվող որևէ միտք գոյություն չունի։ Որքան էլ հասկանում ենք, որ այս գործով քաղաքական ենթատեքստն ակնհայտ է, բայց դատարանի համար չի կարող դա որոշիչ հանգամանք լինել։ Ուզում եմ հավատալ, որ դատարանը արդարացի դատական ակտ կկայացնի։ Հավատում եմ՝ Տիգրան Դերմոյանը կարդարացվի»։ 

Տիգրան Դերմոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2024 թվականի ապրիլի 24-ին' ժամը 15-ի սահմաններում, գտնվելով «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, զանգվածային լրատվության և տեխնիկական միջոցների օգտագործմամբ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և այլ հանցանքներով պայմանավորված ազգային (ներազգային) արժանապատվությունը հրապակայնորեն նվաստացնելուն և ատելություն սերմանելուն ուղղված գործողություններ է կատարել:

2024 թ. սեպրիլի 24-ին, երբ Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, քաղաքացիները նրան տեսնելով՝ սկսել են վանկարկել՝ «Նիկոլ, ցեղասպան», «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, թուրք», «թշնամի», «առանց թուրքի, Հայաստան»։ Այնուհետև հաղորդվեց, որ վանկարկողները եղել են «Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամները»։ Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր. սակայն մեղադրանք առաջադրվել է միայն Տիգրան Դերմոյանին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
6 տարի մենք ենք իրենց ձեռքը հոգեկան խանգարում ստանում, դուք ինձ եք մեղադրում. Աննա Հակոբյանին «դավաճшն» անվանելու գործով մեղադրյալ