Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վայրի բնությունից բռնված սկյուռերն ազատ վաճառվում են․ օրենքի խախտո՞ւմ, թե՞ օրենքի բաց․ ահազանգի հետքերով
«Վայրի կենդանիների մասով վերջերս եմ սկսել հետաքրքրվել, քանի որ անտուն կենդանիների խնդիրներն ինքնին ծավալուն են, ինչով զբաղվում եմ։ Սակայն վերջերս մի գրառում տեսա, երբ խնութում վաճառվող սկյուռերից մեկին վերցրել էին անասնաբուժական ֆակուլտետի ուսանողները և փորձում էին բուժել, քանի որ նա, երկար մնալով վանդակում, սկսել էր ինքն իրեն վնասել։ Ուսումնասիրեցի ու հասկացա, որ բավականին լուրջ խնդիր է սկյուռերին վանդակում պահելը։ Բացի դրանից, օրենքով չի թույլատրվում վայրի կենդանուն բռնել ու վաճառել»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմեց «Դինգո թիմ» ՀԿ հիմնդիր նախագահ Օվսաննա Հովսեփյանը։
Նշենք, որ օրերս «Դինգո թիմ» ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ կենդանիների խանությում վաճառվում է վայրի բնությունից բռնված և անազատ պայմաններում պահվող սկյուռեր։
Հովսեփյանի խոսքով՝ խնդրով սկսել է ավելի հետևողական զբաղվել վերջերս։ Նախ զանգում է կենդանիների վաճառքով զբաղվող խանութներ , որոնք նախապես տեղադրել են սկյուռի վաճառքի մասին հայտարարությունը և, ապա ճշտում՝ արդյո՞ք ունեն վաճառքի փաստաթուղթ։
«Փաստացի՝ խանութներից ոչ մեկը չի ունենում փաստաթուղթ, քանի որ դրանք վայրի բնությունից, հիմնականում՝ Բուսաբանական այգուց բռնած սկյուռիկներ են։ Մեր հնչեցրած ահազանգի դեպքում ևս փաստաթուղթ չկար։ այնտեղ նշվում է, որ ռուսական սկյուռիկներ են։ Ենթադրում էի, որ ներկրված են Ռուսաստանից, բայց հարցրեցի, ասացին՝ ոչ, տեսակն է այդպես կոչվում, իրենք էլ պատահական ինչ-որ մեկից են գնել»,- պատմեց կենդանասեր քաղաքացին։
Ըստ Հովսեփյանի ՝ մարդկանց շրջանում կա ինֆորմացիայի սղություն առ այն, որ սկյուռերի վաճառքն արգելված է։
«Մարդիկ տեսնում են, խղճում են , բայց գաղափար չունեն, որ դա չթույլատրված գործընթաց է և կարող են որևէ տեղ ահազանգել։ Կարծում եմ, այս տեսանկյունից ունենք ինֆորմացիայի բաց։ Այս առումով, իմ էջերում անընդհատ ահազանգելով խնդրի մասին նաև փորձում եմ այդ ինֆորմացիոն բացը լրացնել, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն, եթե վաճառվում է ոզնի , սկյուռ կամ բնությունից վերցված ցանկացած այլ կենդանի, օրենքով արգելված է»,- ասաց ՀԿ նախագահը։
Վայրի կենդանիների շրջանում խոցելի են հիմնականում մանր և հեշտ որսվող կենդանատեսակները, թեև վանդակում պահվող արջերի դեպքերը ևս տարածված են։ Հովսեփյանը նշում է, որ տարիներ առաջ Բուսաբանական այգի հաճախ էի գնում և տեսնում թակարդներ ՝ կենդանիների համար։
«Տեսնում էի՝ վաանդակներ, որոնց մեջ մտնում էր սկյուռը, վանդակը փակվում էր, բայց այդ ժամանակ մտքով չէր անցնում, որ նրանց տանում են վաճառքի։ Ինքս Բուսաբանական այգուց բազմաթիվ նմանատիպ վանդակներ եմ հավաքել, գուցե այստեղ կան նաև համագործակցություն՝ օրինակ՝ այգու պահակների և որսորդների միջև, որովհետև հնարավոր չէ այդ վանդակները չնկատել։ Եթե ես մի քանի անգամ այցելելով կարողանում եմ վանդակ նկատել ու հավաքել, ինչպե՞ս պահակները չեն նկատում դրանք ու չեն հավաքում»;
Բացի այն, որ մարդիկ պետք է տեղեկացված լինեն և ահազանգեն նման դեպքեր նկատելու դեպքում, գործող օրենքներն էլ պետք է ավելի խստացվեն։
«Մեր երկրում որպեսզի ամեն ինչ փողի չվերացվի, պետք է օրենքները գործեն։ Քաղաքակիրթ երկրներում շրջում ես, սկյուռերը մարդկանց ձեռքից սնվում են, իսկ այստեղ մեկ- երկու սկյուռ է հայտնվում, բռնում են, որպեսզի վաճառեն։ Իսկ թե ինչ նպատակով նրանց գնում, գուցե տարբեր փորձակումների համա՞ր, դա էլ որևէ կերպ չի վերահսկվում»,- ասաց ՀԿ ղեկավարը։
Ամեն դեպքում, Օվսաննա Հովսեփյանն ասաց, որ խնդրի մասին ահազանգել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, սակայն արդյունքներից տեղյակ չէ։
Panorama.am-ը ևս դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, քանի որ վայրի կենդանատեսակների անազատ և կիսաազատ պայմաններում պահելու, վաճառքի կամ այլ խնդրով վերահսկող մարմիները ԲԸՏՄ-ն։ Կառույցից արձագանքն ստանալուն պես կտեղադրենք մեր էջում։
Միայն հավելենք, որ վայրի կենդանիների հենց այս տեսակներն օրենքով այդքան էլ պաշտպանված չեն, ինչպես օրինակ՝ արջերը։ Համաձայն՝ ՇՄՆ 2023 թ․-ի ապրիլի 12-ի N133 հրամանի, որը ստորագրել է գործող նախարար Հակոբ Սիմիդյանը, սկյուռերն ընդգրված են անազատ և կիսաազատ պայմաններում պահվող թույլտվություն չպահանջվող վայրի կենդանիների ցանկում։ Ստացվում է, որ ըստ այս հրամանի, ծովախոզուկների և դեկորատիվ մկների նման սկյուռերին ևս կարող են ազատ վաճառել կենդանիների խանութում։
