Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատապարտյալներից մեկը ցանկացել է իր առավելությունն ընդգծել այլ դատապարտյալների նկատմամբ․ Հովհաննես Մարգարյան
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Նուբարաշեն ՔԿՀ-ում։Այս հարցին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանն անդրադարձավ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ Հովհաննես Մարգարյանը՝ պարզաբանելով, թե ինչո՞ւ է ՔԿՀ-ում ստեղծվել նման իրավիճակ։
«Քրեակատարողական ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներից մեկը ցանկանում է իր առավելությունն ընդգծել այլ դատապարտյալների նկատմամբ, քրեական ենթամշակույթի հետ կապված ազդեցություն ունենալ: Եվ այդ համատեքստում որոշում է կայացվել տվյալ անձին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ, ինչը քրեակատարողական ծառայության պրակտիկայում առաջին դեպքը չէ: Բազմիցս լինում են նման դեպքեր, երբ քրեական մշակույթի ազդեցությունը նկատվում է հիմնարկի բնականոն գործունեության վրա կամ վերասոցիալականացման գործընթացների խոչընդոտելու վրա: Նման որոշում է կայացվում և տվյալ անձը տեղափոխվում է այլ քրեակատարողական հիմնարկ կամ այլ խուց, որպեսզի չեզոքացվի կամ նվազեցվի այդ ազդեցությունը: Այս դեպքում ևս այդ որոշումը կայացվելուց հետո քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչները մոտեցել են համապատասխան խուց և տվյալ անձին ներկայացրել, որ ինքը պետք է տեղափոխվի այլ քրեակատարողական հիմնարկ»,- պատմեց Մարգարյանը։
ՔԾ աշխատակցի խոսքով՝ հենց այս որոշումից հետո սկսել է անհնազանդությունը։
«Ծառայողները ներկայացրել են օրինական պահանջ, որը չի կատարվել դատապարտյալների կողմից: Իսկ դատապարտյալները օրենքով սահմանված, բացի հիմնական իրավունքներից, ունեն նաև պարտականություններ: Ի թիվս այլի, դրանցից մեկը հիմնարկի վարչակազմի ծառայողների օրինական պահանջներին և ներքին կանոնակարգի պահանջներին ենթարկվելն է, որը հիմնարկում պահվող անձանց հիմնական պարտականություններից է:
Քանի որ հրաժարվել է կատարել տվյալ անձը օրինական պահանջը և հրահրել է անախորժ միջադեպեր, դրա հիման վրա արդեն սկսվել են այլ խցերից աղմուկներ, որ ինչու եք մեր մի դատապարտյալին տեղափոխում, ցանկանում եք տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ: Աջակցություն տվյալ անձի, սկսել են դռները, ինչ-որ իրեր եղել են, որ այրվել են, ամեն դեպքում ծուխ եղել է խցերում»,- շարունակեց Մարգարյանը։
Նրա պարզաբանմամբ՝այս պարագայում արդեն քրեակատարողական հիմնարկը զերծ է մնացել որևէ գործողությունից և հրավիրվել է հատուկ նշանակության ջոկատ։
«Հատուկ նշանակության ջոկատը քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումն է և անմիջական ենթարկվում է քրեակատարողական ծառայության պետին: Այսինքն՝ կամ պետն է հրավիրում, կամ պետին փոխարինող անձը տվյալ պահին, ով որ պարտականությունները կատարում է:
Ինչի՞ համար է հրավիրվել հատուկ նշանակության ջոկատը, ստորաբաժանումը, քանի որ արդեն նշեցի, որ հենց նրանց ֆունկցիոնալ պարտականություններից մեկն է քրեակատարողական հիմնարկում այդպիսի անհնազանդությունները, և նրանք ավելի պատրաստված են այդ մասով, քան թե, ասենք, հիմնարկի աշխատակիցները: Եվ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից արդեն նորից դատապարտյալներին ներկայացվել է օրինական պահանջ՝ կոնկրետ այդ անձին այլ հիմնարկ տեղափոխելու, տրվել է բավարար ժամանակ, որպեսզի կատարեն ծառայողները օրինական պահանջները»,-նշեց ԱՆ ներկայացուցիչը։