Էն ժամանակ կռացած էի ուրիշին գրկած գնում, հիմա կանգնած եմ ուրիշին գրկած գնում. Քաղաքացիները չեն վստահում քաղաքային իշխանություններին
Հասարակություն
13:14 08/04/2025
Հայաստան

Էն ժամանակ կռացած էի ուրիշին գրկած գնում, հիմա կանգնած եմ ուրիշին գրկած գնում. Քաղաքացիները չեն վստահում քաղաքային իշխանություններին

«Չենք վճարելու» նախաձեռնությունն իր հիմնական նպատակին չի հասել, քանի որ դրա պահանջն ուղեվարձը 100 դրամ պահպանելն էր։ «Մեդիա կենտրոն»-ում  նախաձեռնության ներկայացուցիչ Յուրի Ավագյանը նշեց՝ միաժամանակ հանրային լայն ճնշումների ներքո քաղաքային իշխանությունները ստիպված եղան որոշակի զիջումների գնալ։

 

«Ի սկզբանե 150 դրամանոց ուղետոմսը չկար։ Հիմա ունենք մի իրավիճակ, երբ թանկացումը փոքր ինչ մեղմվել է։ Մենք որպես շարժում պետք է անկեղծ լինենք, ասենք, որ ոչ միայն մեզ, այլև քաղաքական ուժերին չհաջողվեց այնպես անել, որ ուղեվարձի նախկին գինը պահպանվի»,-ասաց բանախոսը։

 

Նախաձեռնության անդամի խոսքով, պատճառները մի քանիսն են, նախ քաղաքային իշխանությունները համառ էին, ապա տիրապետելով ահռելի  մեդիա ռեսուրսի, կարողացան այնպիսի իրավիճակ ստեղծել, որ չվճարելն առաջացնում էր ամոթ։

 

«Քաղաքացին պատրաստ էր չվճարել, նա տեսնում էր, որ սա ոչ թե բարեփոխում է, այլ կիսատ-պռատ ինչ-որ բան, քանի որ բարեփոխումն իրենից ենթադրում է համալիր գործողություններ, որոնք բերելու էին փոփոխությունների։ Տրանսպորտային միջոցի գնումը բարեփոխում չէ։ Բարեփոխման նպատակն այն է, որ քաղաքացին առանց երկար սպասելու Ա կետից տեղափոխվի Բ կետ հարամարավետության պայմաններում, կա նաև արագության խնդիր։ Երբ լրագրողներից մեկը հարցում էր անում, քաղաքացին շատ հետաքրքիր պատասխան տվեց։ Ասաց՝ էն ժամանակ կռացած էի ուրիշին գրկած գնում, հիմա կանգնած եմ ուրիշին գրկած գնում»,-ասաց նախաձեռնության անդամը։

 

 

Նախաձեռնության մեկ այլ անդամ Հայկ Աբրահամյանն էլ նշեց, որ թանկացման գործընթացում մեծ ճնշումներ են եղել նաև վարորդների վրա, ատելության խոսք է տարածվել բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիների նկատմամբ։

 

Նա ընդգծեց՝ ուղետոմսի թանկացման որոշումը կայացվել է ոչ մասնակցային ու ոչ թափանցիկ կերպով, իսկ բարեփոխման նկատմամբ կա հանրային մեծ անվստահություն, ինչը մեծապես պայմանավորված է նաև Տիգրան Ավինյանի գործունեության ընթացքում չարաշահումների, ԱՆԻՖ-ի, անարդյունավետ ծախսերի, չհիմնավորված որոշումների և այլնի մասին մամուլի հրապարակումներով։

 

«Քաղաքացիները չեն հասկանում, թե ինչի դիմաց են թանկ վճարում։ Նրանք տեսնում են, որ իշխանությունը խուսափում է հաշվետու լինելուց։ Քաղաքապետարանի կողմից մանիպուլատիվ թեզեր կան, որ իբր դա պետք է դառնա ներդրում հանրային տրանսպորտի բարեփոխման համար։ Բայց ակնհայտ է, քաղաքացիները հիմա վճարում են ավելին, բայց չեն ստանում բարեփոխված ծառայություն»,-ասաց Հ. Աբրահամյանը։

 

Նախաձեռնության անդամ Յուրի Մովսեսյանն էլ ավելացրեց, որ հաշվի առնելով հին բարքերի վերադարձն ու Երևանում հակաժողովրդավարական միտումները ազդարարում են  «Երևան 782» անունով նոր նախաձեռնության մասին, որն ունենալու է ավելի լայն օրակարգ՝ ծառահատումներ, կանաչապատում, օդի աղտոտվածություն, Հանրային տրանսպորտ, քաղաքաշինական խնդիրներ, վճարովի կայանատեղիներ և այլն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder