Դատարանը մեղավոր ճանաչեց նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին «վիրավnրած» Սամվել Վարդանյանին
Իրավունք
17:21 08/04/2025
Հայաստան

Դատարանը մեղավոր ճանաչեց նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին «վիրավnրած» Սամվել Վարդանյանին

Դատարանը մեղավոր ճանաչեց խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու մեջ մեղադրվող Սամվել Վարդանյանին։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ գոհ չեն դատավճռից. «Եթե պաշտպանները միջնորդում են դատարանին արդարացնելու երկու մեղադրանքով էլ, մեկ մեղադրանքով է  արդարացվում, գոհ լինել չենք կարող։ Խուլիգանություն հոդվածով եղավ մեղադրական դատավճիռ, որը ոչ մեծ ծանրության արարք էր, նախատեսում է մինչև 2 տարվա ազատազրկում։ Միաժամանակ ՔՕ մեկ այլ հոդվածի համաձայն, առաջին անգամ ոչ մեծ ծանրության արարք կատարած անձին արգելվում է  նշանակել ազատազրկում։ Այսինքն, չի կարող Սամվել Վարդանյանի նկատմամբ  ազատազրկում նշանակվել։ Այդ փաստը համարում եմ իրավունքի հաղթանակ, քանի որ առնվազն այս փուլում վերացավ խոշտանգման ենթարկված անձի բանտարկման վտանգը։

Իսկ մյուս հոդվածով՝ ատելության խոսք, որը միայն ազատազրում է նախատեսում 1-4 տարով, դատարանը կայացրեց արդարացման վճիռ։ Այս մասով գոհ ենք, մյուս մասով անպայման բողոքարկելու ենք»,- ասաց փաստաբանը։ 

Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու համար՝ նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի փաստով։

2024 թ. ապրիլի 15-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղայինում վիճաբանության էր եղել: Միջադեպի մասնակիցներից Սամվել Վարդանյանին նույն օրը ձերբակալել էր։  Ս.Վարդանյանի փաստաբանները հայտնել էին՝ Սամվելին ձերբակալվածների պահման վայր  տեղափոխող ոստիկանները, բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ, դուրս են եկել մեքենայից, որից հետո դիմակավորված անձինք բացել են մեքենայի դուռը, որտեղ եղել է ձեռնաշղթայված Վարդանյանը, դուրս են հանել նրան ավտոմեքենայից ու բռնության ենթարկել՝ նվաստացնելով արժանապատվությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder