ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնում Իրանի և ԱՄՆ-ի միջև սրացման կապակցությամբ
Քաղաքական
22:55 07/04/2025
Տարածաշրջան

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնում Իրանի և ԱՄՆ-ի միջև սրացման կապակցությամբ

ՄԱԿ-ը մտահոգված է Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների սրացումով և դրական է արձագանքել երկրների միջև անուղղակի բանակցությունների հնարավորության մասին հաղորդագրություններին։ Այդ մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Մենք, անշուշտ, մտահոգված ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև աճող լարվածությամբ: Մենք նաև դրական արձագանքեցինք լուրերին, որ երրորդ կողմի միջոցով անուղղակի բանակցությունների հնարավորություն կա: Հուսով ենք, որ այս հնարավորությունը, օգտագործելով մեկ այլ երկիր, որպես միջնորդ, կօգտագործվի լարվածությունը նվազեցնելու համար»,-«ՌԻԱ նովոստի» փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Դյուժարիկը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 7-ին ասել է, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ միջուկային հարցերի շուրջ բանակցություններ վարելու առաջարկով։ Թեհրանը հրաժարվեց ԱՄՆ-ի հետ ուղիղ երկխոսությունից, սակայն հնարավոր համարեց բանակցությունները շարունակել միջնորդների միջոցով։

Թրամփը մարտի 30-ին հայտարարել էր, որ երկու շաբաթից լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի Իրանի վրա, եթե միջուկային բանակցությունները արդյունք չտան։ Նա նաև սպառնացել է աննախադեպ ռմբակոծել Իսլամական Հանրապետությունը, եթե գործարքը մերժվի: Ի պատասխան՝ Խամենեին նշել է, որ չի հավատում ԱՄՆ ռազմական միջամտության հավանականությանը, սակայն զգուշացրել է, որ Իրանում անկարգություններ հրահրելու Վաշինգտոնի ցանկացած փորձ վճռականորեն կմերժվի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնում Իրանի և ԱՄՆ-ի միջև սրացման կապակցությամբ