Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
CivilNetCheck-ի Հայկ Հովհաննիսյանը կրկին լայնածավալ աշխատանք ու ուսումնասիրություն է ծավալել՝ պարզելու, թե քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը և նրան մեջբերող հայաստանյան լրատվամիջոցները որքան են սխալվել գրելով «Պարզվում է, իրեն ֆիթնես մարզիչ ներկայացնող այս տականք մարդասպան Քյամիլ Զեյնալին […] հիմա հրճվանքով հայտնել է, որ իր դեմ միջազգային հետախուզումը «թշնամի երկիրը հետ է կանչել»՝ նկատի ունենալով Հայաստանը…»։
«Հայկական մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 6-ին տեղեկություն են տարածել, թե Հայաստանն իբր հետ է կանչել 44-օրյա պատերազմի ընթացքում տարեց արցախցու սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցու նկատմամբ հետախուզման հայցը»,- գրում է Հայկ Հովհաննիսյանը, շտապելով փաստը «իբր»-ել, թեպետ իր հետազոտության վերջում խոստովանում է, որ ՀՀ ՆԳՆ-ից բազմաթիվ հեռախոսազրույցներից հետո հստակ պատասխան չեն տվել ու խնդրել են իրենց ուղարկել գրավոր հարցում, որն էլ խոստանում է հրապարակել «պատասխանները ստանալուն պես»։
Սպասեք 5-ից 25 օր, իսկ մենք օգտվենք CivilNetCheck-ի աշխատանքից, որ ճշտորեն է մեջբերել հայասպանի խոսքերը մուգ ու մեծ վերնագրի տակ. «Վերջերս ինձ զանգահարեցին Ռուսաստանում մեր դեսպանատնից: Ինձ ասացին՝ շնորհավորում են՝ Քամիլ, շնորհավորում ենք: Թշնամիների կողմից քո վրա դրված հետախուզումը մեր պետության կողմից տարվող աշխատանքների արդյունքում հանվել է»։
Հուասնք, որ իրոք թշնամիների նկատմամբ հայտարարված հետախուզումը «հանվում է» առանց ՀՀ մասնակցության, առանց ՀՀ-ին բանի տեղ դնելու, չէ՞։
Այստեղից Հայկ Հովհաննիսյանը անում իր՝ վերուստ տված լիազորությամբ հետևությունը, ինչը մեզ, լրատվամիջոցներից ու Գագիկ Համբարյանին հասու չէ. «Փաստացի Զեյնալին չի նշել, թե Հայաստանն է հանել հետախուզումը, այլ միայն հայտնել է, որ ադրբեջանական իշխանությունների ջանքերի շնորհիվ իր նկատմամբ հետախուզումն այլևս չի գործում»:
Դե ինչ, եկեք մենք էլ պարապի պես «վերլուծենք». Պարոն Հայկ Հովհաննիսյան, «Փաստացի» հայասպանը չի ասել «չի գործում», ասել է թշնամիների կողմից իր հետախուզումը «հանվել է»։
«Չի գործում»-ը, մեր մեջ ասած ավելի վատ բառ է, քան այն, ինչ գրել է Գագիկ Համբարյանը՝ «կանչվել է»։ «Չի գործում» նշանակում է, որ չի աշխատում, փչացել է հետախուզում հայտարարելու մեխանիզմը։ Դա՞ եք ուզել ասել։
Ի դեպ, քանի որ փաստերի ստուգման հարթակ եք, գուցե մի քիչ ժամանակ էլ ՀՀ ՊՆ հայտարարություններին տրամադրեիք՝ օր օրի ադրբեջանական փաստաբանի պես հերքում էր ադրբեջանական կողմից ՀՀ կողմ կրակոցները այնքան, որ հիմա այդ կրակոցները Հռոմի պապն էլ հերքել չի կարող՝ դրանք բավական լայնածավալ են դարձել։
Ուպս, կներեք, կարո՞ղ եմ «լայնածավալ» բառն օգտագործել, թե էլի կհետաքննվենք։
Անահիտ Ոսկանյան