«Ժողովուրդ». իշխանական ֆրակցիայում մեծ խանդավառություն կա Անդրանիկ Քոչարյանի վարքի դրսևորման մասով Էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցով
Օրվա մամուլ
08:56 10/04/2025
Հայաստան

«Ժողովուրդ». իշխանական ֆրակցիայում մեծ խանդավառություն կա Անդրանիկ Քոչարյանի վարքի դրսևորման մասով Էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցով

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ աշխատակազմը դրական եզրակացություն է տվել ընդդիմության նախագծին՝ ստեղծելու ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի դրսևորման մասով Էթիկայի հանձնաժողով: «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ իշխանական ֆրակցիայում մեծ խանդավառություն կա այս հարցում, ու, կարելի է ասել, սրտատրոփ սպասում են, թե երբ կքննարկեն ու կորոշեն, թե իրենց խմբակցությունից ովքեր կլինեն այդ հանձնաժողովի անդամները:

 

Ըստ մեր տեղեկությունների՝ ՔՊ-ականները Քոչարյանի հարցով պատրաստ են ընդդիմադիր ֆրակցիաների հետ աշխատել, քանի որ տևական ժամանակ է լուրջ հակասություններ ունեն Անդրանիկ Քոչարյանի հետ:

 

Նշենք, որ դեռևս անցած տարի՝ նոյեմբերից, ՔՊ-ականների ու Քոչարյանի միջև այնքան էին լարվել հարաբերությունները, որ նրանք նպատակ էին դրել խմբակցությունով քննարկել ու ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից զրկել: Քոչարյանը ստիպված եղավ ՔՊ-ական երկու պատգամավորից (Հրաչյա Հակոբյանից և Սիսակ Գաբրիելյանից) ներողություն խնդրել՝ հարթելով իրավիճակը: Բայց խմբակցությունում դեռևս կան պատգամավորներ, որոնք ամեն գնով ցանկանում են Քոչարյանին պաշտոնանակ անել, քանի որ վերջինս ամեն առիթով վիրավորում ու զրպարտում է իր գործընկերներին: Եվ այս առումով հանձնաժողովը ՔՊ-ականների սրտով է՝ նրան իր «տեղը ցույց տալու» համար:

 

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի հետ վերջին միջադեպը տեղի է ունեցել մարտի 20-ին: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը կոշտ տոնով պահանջել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հեռանալ իր կողքից, հայտարարել, որ նա իրեն խանգարում է, սպառնացել է՝ չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ նաև այլ լրագրողների, իսկ վերջում մեկնաբանություն արել լրագրողի շուրթերի վերաբերյալ:

 

Անդրանիկ Քոչարյանը հետո նաև հայտարարել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, իսկ հաջորդ օրը իր գլխավորած հանձնաժողովի նիստում հավելել էր, որ իր ասածի մեջ վիրավորական ոչինչ չի տեսնում, և որ պարզապես մեջբերել է Բագրատ սրբազան Գալստանյանին (իրականում ստելով)»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder