Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գոռացի դուխով, դուխով, հիմա ո՞ւր ես, Նիկոլ. Քասախցիները պահանջում են լուծել տրանսպորտի խնդիրը
«Ընտրությունների ժամանակ գոռացի՝ «դուխով, դուխով»։ Բա հիմա Նիկոլ, ո՞ւր ես։ Ի՞նչ ես մտածում մեր խնդրի մասին։ երեք տրանսպորտ եմ փոխում, որ հասնեմ աշխատանքի»,-հայտարարեց Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ մի կին։
Նա համագյուղացիների հետ այսօր էլ դուրս է եկել բողոքի ակցիայի՝ դժգոհելով տրանսպորտային փոփոխություններից, ինչի հետևանքով բնակիչների համար ավելացել են տրանսպորտային ծախսերը։
Հիշեցնենք, որ Պռոշյանի ու Քասախի բնակիչների բողոքի ակցիաները սկիզբ են առել ապրելի 5-ից։ Այդ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այդ, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։
Երեկ կառավարությունում մի քանի բնակիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որ 25 համարի երթուղու ավտոբուսը կհասնի մինչև ՊՆ նախկին շենքի մոտ, իսկ 59 ավտոբուսը այլևս չի հասնի Քասախ։
Լուծման այս տարբերակի հետ հաշտ չեն Քասախի բնակիչները։
«Ես ոտքով առավոտից քայլել եմ, հասել եմ այստեղ։ Իր ընտանիքն առոք-փառոք ապրում է։ Ի՞նչ են մտածում ժողովրդի մասին։ Մի հատ ավտոբուս են տվել, էդ էլ են շատ համարում։ Ժողովրդի մասին մտածեք, հերիք է։ Ով նստում է աթոռին, մոռանում է ժողովրդի մասին»,-ասաց քասախցի կինը։
Զրույցին միջամտեց մի տղամարդ. «Էն ժամանակ առյուծ էր, հիմա ոզնի է դարձել։ Սաղ օրը Էրդողանի հետ է խոսում, Ալիևի հետ է է խոսում»։
Բողոքի ակցիայի վայր բերվել են բազմաթիվ ոստիկաններ։ Երթևեկությունը խաթարված է։