Ադրբեջանի դեմ իրավական գործիքները պետք է կիրառվեն հենց այսօր, հակառակ դեպքում դրանց արդյունավետությունը կնվազի. Միջազգային իրավունքի մասնագետ
Իրավունք
17:52 10/04/2025
Հայաստան

Ադրբեջանի դեմ իրավական գործիքները պետք է կիրառվեն հենց այսօր, հակառակ դեպքում դրանց արդյունավետությունը կնվազի. Միջազգային իրավունքի մասնագետ

«Կա իրավական գործողութունների ցանկ, որ պետք է կատարեն Հայաստանի այսօրվա իշխանությունները՝ սկսած ներպետական ու միջազգային ատյաններում առանձին անձանց  քրեական  պատասխանատվության ենթարկելու հարցը բարձրացնելուց մինչև  Միջազգային քրեական դատարան դիմելը պատերազմական հանցագործությունների համար»,- Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ պանելային հանդիպում-քննարկմանն ասաց միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը։

Նրա խոսքով, ինչքան շուտ կիրառվեն այդ իրավական գործիքները, այնքան արդյունավետ կլինի իրավունքների պաշտպանությունը։

«Եթե ուշ ես կիրառում այդ գործիքները, պետք է հիմնավորես, թե  ինչու նախկինում չես կիրառել։ Կա սովորույթային իրավունքի ինստիտուտ, որն ասում է, եթե դու քո իրավունքները ժամանակին չես պաշտպանել, ուրեմն դա կարող է մեկնաբանվել քո իրավունքներից հրաժարում։ Այնպես որ մեր իրավունքների պաշտպանության հնարավարությունը հավերժ չունենք։ Չենք կարող ասել, տասը տարի հետ դա արդյունավետ կլինի»,-ասաց Սիմոնյանը՝ մանրամասնելով, որ Ադրբեջանի կողմից ձեռնարկած քայլերին հայ իրավաբանները պետք է հակահարված տան։

Քննարկմանը մասնակից իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն էլ, անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի գերեվարմանը, Բաքվում դատապարտմանը, նշեց, որ Վարդանյանն էլ գիտակցում է վրեժխնդրության մոտեցումը։

«Միջազգային ճանաչման ուժով թերևս մեծ ուշադրություն կա նրա անձի նկատմամբ։ Որպեսզի այդ ուշադրությունը չտարածվի մյուսների վրա, կարծում եմ, նպատակահարմար են համարել գործն առանձնացնելը»,-ասաց Ս. Սահակյանը։

Նա նկատեց, որ մինչդատական վարույթում հայտնի է դարձել, որ Ռուբեն Վարդանյանն ունի մասնավոր փաստաբան, որը կարող է տեղեկատվություն տրամադրել դատական գործընթացի վերաբերյալ։

«Ինչպես տեսնում եք, 15-ի գործով մենք ունենք այն, ինչ տրամադրում է Ադրբեջանը, համեմատելու նյութ չունենք, եղելությունը հասկանալու, ստուգելու հնարավորությունից զրկված ենք միայն այն պատճառով, որ չկա մասնավոր փաստաբան։ հայկական կողմին տեղեկատվությունից զրկելը, պետական քարոզչության տարածումը հենց այն նպատակն է, որը դրված է Ռուբեն Վարդանյանի ու մյուսների գործերի անջատման հիմքում»,-ասաց Ս. Սահակյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder