Բուխարեստում բացվել է «Հայ կինը՝ Ցեղաuպանnւթյան զnh և հերոս» ցուցադրությունը
Մշակույթ
14:34 12/04/2025
Աշխարհ

Բուխարեստում բացվել է «Հայ կինը՝ Ցեղաuպանnւթյան զnh և հերոս» ցուցադրությունը

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համագործակցելով տարբեր երկրների հայկական դեսպանատների, սփյուռքյան կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ՝ կազմակերպում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի տարբեր միջոցառումներ:

Օրերս այսպիսի մի համագործակցության արդյունքում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի Ազգային թատրոնի «Ռոտոնդա» սրահում տեղի է ունեցել ՀՑԹԻ-ի «Հայ կինը՝ Ցեղասպանության զոհ և հերոս» ցուցադրության բացումը, որը կազմակերպել էր Ռումինիայի հայոց միության Հայ մշակույթի կենտրոնը՝ Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ եկեղեցու առաջնորդարանի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Բուխարեստի ազգային թատրոնի հետ համագործակցությամբ։ ՀՑԹԻ-ի տրամադրած ցուցադրությանը հաջորդել էր «Ստրունգա՝ հայ որբերի նոր տունը» խորագրով ցուցադրության բացումը:

«Հայ կինը՝ Ցեղասպանության զոհ և հերոս» ցուցադրությունը հայ կանանց խիզախության և տառապանքի մասին է՝ Հայոց ցեղասպանության ընթացքում։ Լուսանկարների, պատմությունների և վկայությունների միջոցով բացահայտվում են այն կանանց դեմքերն ու ճակատագրերը, որոնք պայքարել են գոյատևելու համար։

ՀՑԹԻ-ից հայտնում են, որ ցուցադրության բացմանը Ազգային թատրոնի ներկայացուցիչ Ադրիանա Պոպեսկուն ողջունել է ներկաներին՝ կարևորելով նմանատիպ ցուցադրությունների կազմակերպումը ռումին հանրության համար, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ուսումնասիրել հայ ժողովրդի վերապրած ողբերգության ոչ այնքան հայտնի դրվագները։

Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը նշել է, որ 1915 թվականը մեր պատմության ամենատխուր էջն է, երբ հայ ժողովուրդը կորցրեց իր հայրենիքը և բնակչության մոտ երեք քառորդ մասը, գրեթե 6500 հոգևորական՝ սպանվեց, 60 առաջնորդարան քանդվեց, և միայն շուրջ 350 հազար հայ կարողացավ մազապուրծ լինել և անապատից հասնել այլ երկրներ, որի արդյունքում այսօր ավելի քան 160 երկրներում հայկական համայնք և եկեղեցի կա։

Ցուցադրությունը մեկ ամիս շարունակ բաց կլինի հանրության համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder