Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անթալիայում հայկական կողմի դիվանագիտությունը ծայրաստիճան անատամ էր. Գոհար Մելոյան
«Անթալիայում հայկական կողմի դիվանագիտությունը, ինչպես մենք մշտապես նշում ենք, ծայրաստիճան անատամ էր, հակատրամաբանական, գտնվում ենք ծայրաստիճան միակողմանի զիջումային հարթության մեջ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ ղեկավար, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով Անթալիայում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում պանելային քննարկման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարություններին, մասնավորապես Սահմանադրության վերաբերյալ։
Ըստ Գոհար Մելոյանի, եթե Հայաստանի իշխանություններն ի սկզբանե որդեգրած լինեին մի քիչ ատամային դիվանագիտություն, զուգորդված փոխզիջումային ու հայելային պարտավորվածությունների տրամաբանությամբ, այսօր չէին հայտնվի այդ վիճակում, ինչում հայտնվել են։
«Ցավալին այն է, որ սա իրենց անձնական հարցը չէ, իրենց անձերով չէ պայմանավորված այս պրոցեսը։ Իրենք ներկայացնում են պետություն, հանդես են գալիս ի պաշտոնե, իրենց գործողությունները հետևանքներ ունեն մեր պետականության, ճակատագրի վրա»,- ասաց սահմանադրական իրավունքի մասնագետը։
Նա նշեց, որ քննարկումից ստացած տպավորությունն ոչ ի նպաստ հայկական կողմի է, թեև փորձեցին այն լույսի ներքո ներկայացնել, թե իբր Հայաստանի ԱԳ նախարարը փորձել է հակադարձել Ադրբեջանին, որ իրենք էլ ունեն տարածքային ամբողջականության պահանջ, բայց Հայաստանը մեծահոգաբար այդ համատեքստում չի ներկայացնում պահանջատիրություն։
«Սակայն հենց երկխոսություններում, «բանավեճերում», որտեղ հայկական կողմի ներկայացուցիչը ծայրաստիճան սիրալիր էր դիվանագիտական ողջ նրբերանգներով, փորձում էր քաղաքակիրթ լինել, ինքը հենց իրենց մշակած արտաքին քաղաքականության մեջ հակասում է իրենց տրամաբանական գծին»,- ասաց Մելոյանը։
Նա հիշեցրեց, որ անցած տարվա սկզբին Ադրբեջանի նախագահը Հայաստանի նկատմամբ, «խաղաղության օրակարգի» շրջանակում, Սահմանադրությունը փոփոխելու պահանջ էր դրել, որին անմիջապես հաջորդել էր Նիկոլ Փաշինյանի ազդարարումը՝ նոր Սահմանադրության ընդունման մասին։
«Այս երկուսի համատեքստում կարող ենք հստակ պնդում անել, որ նոր Սահմանադրության ընդունման օրակարգն արտաքին քաղաքականության թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջ է, միակ հիմնավորումը դաշտում, որը հիմնարար է, հենց խաղաղության պայմանագրի օրակարգում թշնամական պահանջ լինելն է։
Այո, գործող իշխանությունը օրակարգում մշտապես ունեցել է Սահմանադրության փոփոխության օրահարցը, բայց երբեք չեն խոսել նոր Սահմանադրության ընդունման մասին, իսկ նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մեր ներքաղաքական դաշտ ներմուծվեց անմիջապես Ալիևի պահանջատիրական ասուլիսից հետո»,- մանրամասնեց մասնագետը։
Նա նաև բացատրեց, թե ինչու է Հայաստանի այս իշխանությունների պետք նոր Սահմանադրություն, այլ ոչ թե սահմանադրական փոփոխություն. «Իրենք խնդիր ունեն մեր Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղման հետ, իսկ այդ հղումից հրաժարվելու համար մենք չենք կարող միայն սահմանադրական փոփոխությամբ բավարարվել, քանի որ դրանք անփոփոխելի դրույթներ են, կարող են փոփոխվել միայն նոր Սահմանադրության ընդունման պարագայում։ Հետևապես, ունենք որդեգրած դիվանագիտական, ներքաղաքական գիծ, որ պետք է ընդունել նոր Սահմանադրություն։
Իշխանությունն, իմ կարծիքով, համոզված չլինելով այդպիսի գործընթացի դրական ելքի մեջ, փորձեց իրավական զարտուղի մեխանիզմով շրջանցել հանրաքվեի իրականացումն ու նոր Սահմանադրության ընդունման թշնամի պետությունների պահանջը։ Այդ իրավական զարտուղին Սահմանադրական դատարանի տխրահռչական որոշումն է Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի վերաբերյալ։
Սահմանադրական դատարանը հղում կատարեց մեր Անկախության հռչակագրին՝ այդ փաստաթղթի հետ գրեթե առնչություն չունենալով հանդերձ։ Շատ խնդրահարույց փաստաթղթի խնդրահարույց իրավական դրույթներին ընդհանրապես անդրադարձ չկատարելով՝ մեկնաբանեց մեր Անկախության հռչակագիրը, տվեց իրավական գնահատական, համաձայն որի Անկախության հռչակագրի Լեռնային Ղարաբաղի վերամիավորմանը նվիրված դրույթն իրավական ուժ չունի, ինչպես նաև անուղղակի կերպով էլ գնահատական տվեց Ցեղասպանության պահանջին նվիրված դրույթին։ Իրավական համայնքը մեծապես ընդունելի չհամարեց, որովհետև մենք ունենք Սահմանադրական դատարանի նախորդիվ այլ որոշումներ, որոնք, բնականաբար, չեն կարող չեղարկված համարվել և, ըստ էության, տրամագծորն հակասում են այս վերջին որոշմանը»։
Ի՞նչ է անում Արարատ Միրզոյանն այդ ֆորումի ընթացքում
«Ինքը մի կողմից բարձրաձայնում է, որ Հայաստանի Սահմանադրությանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ, ինչը ես, եթե մասնագիտական հարթության մեջ գտնվեինք, լիովին կկիսեի իր պնդումը, երկրորդ՝ միաժամանակ հղում է կատարում Սահմանադրական դատարանի որոշմանը՝ ասելով, որ Հայաստանն այդ պահանջի հարցն արդեն լուծել է, մի ձեռքով ասում է՝ մեր Սահմանադրությունը չունի պահանջ ձեր նկատմամբ, մյուս կողմից փորձում է արդարանալ՝ Սահմանադրական դատարանի որոշումն այդ պահանջին լուծում է տվել, խնդիր չէ ձեզ համար։
Գալիս է երրորդ հարթությունը, որ, այո, օրակարգում ունենք Սահմանադրության ընդունման հարց։ Մի հատ էլ փորձում է սպառնալ՝ մենք էլ կարող էինք ասել ձեր Սահմանադրությունն էլ է ներկայացում սպառնալիք մեր տարածքային ամբողջականությանը, բայց մեծահոգի ենք, չենք շահարկում»,- ասաց Գ.Մելոյանը։
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձևավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։ Իր գործունեության 6 տարիների ընթացքում կազմակերպություն իրականացրել է իրազեկող գործունեություն, կազմակերպել է դասընթացներ մարզերում։ ՊԶՄԿ-ն նաեւ իրականացնում է դիտորդական առաքելություն ընտրական գործընթացներում, որի համատեքստում կազմակերպում է դասընթացներ և վերապատրաստում դիտորդների։