Բա այս 4.2 մլրդ դոլարը օդի՞ց է ընկել, սիրելի ժողովուրդ. Փաշինյան
Քաղաքական
11:58 15/04/2025
Հայաստան

Բա այս 4.2 մլրդ դոլարը օդի՞ց է ընկել, սիրելի ժողովուրդ. Փաշինյան

«2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունից հետո միայն 2024-ի արդյունքներով Հայաստանի պետբյուջեի եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են՝ ավելանալով 1.3 տրիլիոն դրամով, սա այսօրվա փոխարժեքով ավելի քան 3.3 միլիարդ դոլար է»,- ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ 2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել:

«Բոլոր միջինացված թվերը հանած՝ միայն հեղափոխության բերած տեմպի շնորհիվ Հայաստանի պետբյուջե 2018-2024 թվականը լրացուցիչ մուտք է  եղել ավելի քան 1 տրիլիոն 684 միլիարդ դրամ կամ 4.2 միլիարդ դրամ»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով, սա այն գումարն է, որ պետբյուջե մուտք է եղել նախորդող շրջանի 2011-2017 թթ. բյուջեի աճի միջինացված թվերից ավելի:

«Այսինքն, հետհեղափոխական տարիների ընթացքում Հայաստանի պետբյուջե մուտք է եղել հավելյալ 4.2 միլիարդ դոլար: Խոսքը բյուջեի մաքուր հեղափոխական եկամտի մասին է:

Սա ասում եմ նաև այն քննադատություններին ի պատասխան, թե մեր կառավարությունը հեղափոխությամբ եկավ իշխանության և մոռացավ թալանածը հետ բերելու խոստումը։ Բա այս 4.2 մլրդ դոլարը օդի՞ց է ընկել, սիրելի ժողովուրդ»,- ասաց Փաշինյանը։

Նա խոսեց նաև «թալանվածը վերադարձնելու» իրենց տված խոստման մասին. «Իսկ մի՞թե թալանվածն այս ընթացքում ցաքուցրիվ չի լինում, չեն հանում։ Ո՛չ: Ավելի քան 1.7 մլրդ դոլարի առերևույթ ապօրինի ձեռք բերված գույք այս պահին գտնվում է կալանքի տակ և դա հնարավոր չէ օտարել, իսկ այն մասը, որն այս պահին կալանքի տակ չէ, էներգիայի պահպանման օրենքի տրամաբանությամբ, եթե գումար է, պետք է դառնա գույք, եթե գույք է, պետք է դառնա գումար կամ բաժնեմաս:

Բայց, մի րոպե, ինչո՞ւ ենք այսքան զգույշ, ի՞նչ եղավ հեղափոխական իշխանությանը, մենք արդյոք կորցրել ենք մեր դուխը, թալանչիների իրավունքների համա՞ր ենք հոգ տանում, թե՝ վախենում ենք նրանցից:

Ո՛չ ամենևին, մենք հոգ ենք տանում մեր պետության ու ժողովրդի մասին, որովհետև ամենաթողություն, վենդետա հիշեցնող որևէ գործողություն այնպիսի վնաս կհասնցի մեր պետության միջազգային կերպարին ու հեղինակությանը, տնտեսությանն ու ներդրումային միջավայրին, որ նույնիսկ տասնյակ միլիլարդավոր դոլարներով հնարավոր չի լինի այդ վնասը վերականգնել»,- ասաց նա:

Նշենք, որ Փաշինյանի ելույթի ժամանակ ընդդիմադիր շատ պատգամավորները հեռացան նիստերի դահլիճից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder