Ուզում ես օրը 6 անգամ մսով ճաշ կեր, եթե անբարեկարգ միջավայրում ես ապրում, աղքատ ես. Փաշինյան
Քաղաքական
12:46 15/04/2025
Հայաստան

Ուզում ես օրը 6 անգամ մսով ճաշ կեր, եթե անբարեկարգ միջավայրում ես ապրում, աղքատ ես. Փաշինյան

«Անշարժ գույքի հարկից ոչ մի լումա չի մտնում պետական բյուջե, այլ բացառապես համայքնային բյուջեներ և պետք է հպարտությամբ ընդգծեմ, որ 2024 թվականին 2017 թվականի համեմատ, Հայաստանի համայնքների բյուջեները եռապատկվել են, ընդ որում, ոչ միայն անշարժ գույքի հարկի հաշվին»,- ԱԺ-ում կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի բյուջեի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

 Փաշինյանը նշեց, որ ընդհանրապես Հայաստանում կառավարության հասցեին և ոչ միայն հիմա, մի մեղադրանք կա, որն աբսուրդ է իր էությամբ՝ աբսուրդների աբսուրդը. «Կառավարությանը մեղադրում են պետական կամ համայնքային բյուջեները լցնելու մեջ: Սա նշանակում է՝ լավ չպատկերացնել յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության աղբյուրը և բանաձևը: Նշանակում է՝ կառավարությանը մեղադրել բյուջեն լցնելու ուղղությամբ ջանք գործադրելու մեջ, նշանակում է՝  կառավարությանը մեղադրել քաղաքացու համար բարեկեցություն կառուցելու մեջ։

Ասա երկրիդ բյուջեն որքան է, ասեմ՝ ոնց ես ապրում դու, ասա համայնքային բյուջեդ որքան է, ասեմ՝ ոնց ես ապրում դու: Քաղաքացու լավ կամ վատ ապրելու չափանիշը ոչ միայն այն է, թե որքան է ինքն անձամբ վաստակում, այլ այն, թե որքան է ինքն անձամբ հարկ վճարում պետական և համայնքային բյուջե:

 Հնարավոր չէ լավ ապրել ցեխակոլոլ ճանապարհներ, մութուխավար փողոցներ ունեցող, ծառից ու ծաղկից զուրկ, զբոսայգի ու պուրակ չունեցող, խմելու և ոռոգման ջրի համակարգեր, կոյուղի չունեցող բնակավայրում, հնարավոր չէ այդտեղ լավ ապրել:

Կապ չունի շաբաթը քանի անգամ ես մսով ճաշ ուտում, եթե ապրում ես այդպիսի անբերակարգ միջավայրում, ուրմեն աղքատ ես, ուզում ես օրը 6 անգամ մսով ճաշ կեր, եթե այդ միջավայրում ես ապրում, ուրեմն աղքատ ես,  ուրեմն բարեկեցությունն այնքան հեռու է քեզնից, որքան Պլուտոնը՝ արևից։

Կարելի է  շաբաթը ոչ մի անգամ մսով ճաշ չուտել ու լինել շատ ավելի բարեկեցիկ՝ համայնքում, թաղամասում ունենալով լավ դրոց, մանկապարտեզ, բարեկարգ ու լուսավոր փողոց»,- ասաց նա:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder