Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Ռաֆայել Գրիգորյանը
Մշակույթ
18:59 15/04/2025
Հայաստան

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Ռաֆայել Գրիգորյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Ռաֆայել Գևորգի Գրիգորյանը:

Ռաֆայել Գրիգորյանը ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 26-ին Երևանում: 1971 թվականին աշխատել է Գավառի պետական թատրոնում: 1980 թվականին ընդունվել է Մոսկվայի արվեստի ակադեմիան (ГИТИС): 1985 թվականին Խորեն Աբրահամյանի հրավերով ընդունվել է Լենինականի Ա. Մռավյանի (այժմ՝ Վ. Աճեմյանի) անվան պետական դրամատիկական թատրոն: Այստեղ մասնակցել է «Քո վերջին հանգրվանը», «Նստարան», «Իրական պատմություն», «Կորադո» ներկայացումներին, ինչպես նաև բեմադրել է Ն. Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» պիեսը:

Ռաֆայել Գրիգորյանը 1989 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Այստեղ բեմադրել է «Երկիր Նաիրի», «Ընկեր Փանջունի», «Անձնասպանը» պիեսները: 1994 թվականից տեղափոխվել է ԱՄՆ՝ աշխատելով Լոս-Անջելեսի «Հայ թելե» ռադիոյում: Հիմնադրել է Մհեր Մկրտչյան թատերախումբը:

Ռաֆայել Գրիգորյանն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալի», 2015 թվականին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման:

Ռաֆայել Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ ժամը 13:00-16:00-ը, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, վերջին հրաժեշտը`  ապրիլի 18-ին՝ ժամը 13:00-14:00-ը, Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում (հասցե՝ ք. Երևան,  Ռ. Մելիքյան 2/10):

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder