ՈԱԱԿ-ը և ԵՊՀ-ն կհամագործակցեն՝ ապագա կրթության կազմակերպիչների պրակտիկ կարողությունները զարգացնելու համար
Կրթություն, գիտություն
17:58 16/04/2025
Հայաստան

ՈԱԱԿ-ը և ԵՊՀ-ն կհամագործակցեն՝ ապագա կրթության կազմակերպիչների պրակտիկ կարողությունները զարգացնելու համար

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) և ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը (ՄԿԶԿ) ապրիլի 16-ին ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի նպատակն է ամրապնդել բուհ-գործատու համագործակցությունը  և նպաստել ապագա կրթության կազմակերպիչների  մրցունակության բարձրացմանը։ 

Հուշագիրը ստորագրել են ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ՄԿԶԿ տնօրեն Նազիկ Հարությունյանը։
 
Մինչ հուշագրի ստորագրումը, ՄԿԶԿ-ի տնօրեն Նազիկ Հարությունյանը ներկայացրեց կենտրոնի հիմնական գործունեությունը, իսկ ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը հանդես եկավ ՈԱԱԿ-ի գործունեության, ռազմավարական առաջնահերթությունների և այդ տիրույթներում  արձանագրած ցուցանիշների վերաբերյալ ամփոփ ներկայացմամբ։ 

Հուշագրի շրջանակում՝ 
.    ԵՊՀ «Կրթական գիտություններ, կրթության կազմակերպում» ՄԿԾ ուսանողները պրակտիկա կանցկացնեն ՈԱԱԿ-ում՝ որակի ապահովման իրական միջավայրում, 
.   ՈԱԱԿ-ի մասնագետները կներգրավվեն դասավանդման գործընթացում` ուսանողներին մատուցելով ոլորտի կիրառական փորձը, 
.   Կիրականացվի  մագիստրոսական թեզերի համատեղ ղեկավարում, կրթության ապագա կազմակերպիչները  հնարավորություն կունենան գործատուի միջավայրում պրակտիկ մասնագիտական աշխատանք  և հետազոտություն իրականացնել, 
.    ՈԱԱԿ-ը Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի  դասախոսներին որպես փորձագետներ կընդգրկի ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում։ 

«Այս հուշագրով ՈԱԱԿ-ի դռներն ենք բացում «Կրթության կազմակերպում» մասնագիտության ուսանողների առջև։ Նոր սերունդն ուզում է հնարավորինս շուտ ներգրավվել պրակտիկ գործընթացների մեջ և գործնականում տեսնել իր սովորածի արդյունքները,- ասաց ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը՝ անդրադառնալով հուշագրի կարևորությանը։- ՈԱԱԿ-ում ստեղծել ենք մթնոլորտ, որտեղ սկսնակները փորձառու մասնագետների աջակցությամբ անմիջապես ներգրավվում են որակի ապահովման գործընթացներում»։ 
ՄԿԶԿ տնօրեն  Նազիկ Հարությունյանը, խոսելով հուշագրի անհրաժեշտության մասին, նշեց. «ՈԱԱԿ-ի հետ համագործակցությունը 5-6 տարվա պատմություն ունի։ Այժմ մտածում ենք համատեղ մագիստրոսական ծրագիր մշակելու և ներդնելու մասին։ Այդ իսկ պատճառով որոշել ենք ֆորմալացնել մեր համագործակցությունը»։ 


Համագործակցության այս նոր փուլը միտված է ուսանողներին հնարավորություն տալ գործատուի միջավայրում ստանալու պրակտիկ կրթություն, ամրապնդելու նրանց կապը իրական աշխատանքային գործընթացների հետ և դրանով իսկ բարձրացնելու ապագա մասնագետների մրցունակությունը կրթության ոլորտում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder