Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՈԱԱԿ-ը և ԵՊՀ-ն կհամագործակցեն՝ ապագա կրթության կազմակերպիչների պրակտիկ կարողությունները զարգացնելու համար
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) և ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը (ՄԿԶԿ) ապրիլի 16-ին ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի նպատակն է ամրապնդել բուհ-գործատու համագործակցությունը և նպաստել ապագա կրթության կազմակերպիչների մրցունակության բարձրացմանը։
Հուշագիրը ստորագրել են ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ՄԿԶԿ տնօրեն Նազիկ Հարությունյանը։
Մինչ հուշագրի ստորագրումը, ՄԿԶԿ-ի տնօրեն Նազիկ Հարությունյանը ներկայացրեց կենտրոնի հիմնական գործունեությունը, իսկ ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը հանդես եկավ ՈԱԱԿ-ի գործունեության, ռազմավարական առաջնահերթությունների և այդ տիրույթներում արձանագրած ցուցանիշների վերաբերյալ ամփոփ ներկայացմամբ։
Հուշագրի շրջանակում՝
. ԵՊՀ «Կրթական գիտություններ, կրթության կազմակերպում» ՄԿԾ ուսանողները պրակտիկա կանցկացնեն ՈԱԱԿ-ում՝ որակի ապահովման իրական միջավայրում,
. ՈԱԱԿ-ի մասնագետները կներգրավվեն դասավանդման գործընթացում` ուսանողներին մատուցելով ոլորտի կիրառական փորձը,
. Կիրականացվի մագիստրոսական թեզերի համատեղ ղեկավարում, կրթության ապագա կազմակերպիչները հնարավորություն կունենան գործատուի միջավայրում պրակտիկ մասնագիտական աշխատանք և հետազոտություն իրականացնել,
. ՈԱԱԿ-ը Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դասախոսներին որպես փորձագետներ կընդգրկի ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում։
«Այս հուշագրով ՈԱԱԿ-ի դռներն ենք բացում «Կրթության կազմակերպում» մասնագիտության ուսանողների առջև։ Նոր սերունդն ուզում է հնարավորինս շուտ ներգրավվել պրակտիկ գործընթացների մեջ և գործնականում տեսնել իր սովորածի արդյունքները,- ասաց ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը՝ անդրադառնալով հուշագրի կարևորությանը։- ՈԱԱԿ-ում ստեղծել ենք մթնոլորտ, որտեղ սկսնակները փորձառու մասնագետների աջակցությամբ անմիջապես ներգրավվում են որակի ապահովման գործընթացներում»։
ՄԿԶԿ տնօրեն Նազիկ Հարությունյանը, խոսելով հուշագրի անհրաժեշտության մասին, նշեց. «ՈԱԱԿ-ի հետ համագործակցությունը 5-6 տարվա պատմություն ունի։ Այժմ մտածում ենք համատեղ մագիստրոսական ծրագիր մշակելու և ներդնելու մասին։ Այդ իսկ պատճառով որոշել ենք ֆորմալացնել մեր համագործակցությունը»։
Համագործակցության այս նոր փուլը միտված է ուսանողներին հնարավորություն տալ գործատուի միջավայրում ստանալու պրակտիկ կրթություն, ամրապնդելու նրանց կապը իրական աշխատանքային գործընթացների հետ և դրանով իսկ բարձրացնելու ապագա մասնագետների մրցունակությունը կրթության ոլորտում։