Իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
13:20 16/04/2025
Հայաստան

Իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին. Նիկոլ Փաշինյան

«Իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, բայց որոշողը Հայաստանի ժողովուրդն է, իսկ կողմ և դեմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ սա իր քաղաքական դիրքորոշումն է։

«Ուսումնասիրելով Անկախության հռչակագրի տեքստը, նորովի կարդալով, իմ կարծիքով, այդ տեքստն այն մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն, պետականություն չի կարող լինել, անհնար է։ Եթե ես սա ասում եմ, հետևաբար, ես չեմ կարող ասել, որ նոր Սահմանադրության տեքստում պետք է լինի  հղում անկախության հռչակագրին։ Ընդհակառակը, իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին»,- ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ նոր Սահմանադրություն ընդունելու հարցն իրենց օրակարգում է  եղել հեղափոխությունից անմիջապես հետո։ Փաշինյանի կարծիքով, Հայաստանում նոր Սահմանադրության պետք է ընդունվի այն պատճառով, որ ՀՀ իրավակարգի և ՀՀ քաղաքացիների միջև առկա է օրգանական կապի խզում:

«Դա տեսնում եմ ամեն օր, իմ ամենօրյա աշխատանքում։ Ի՞նչն է  դրա պատճառը։ Իմ կարծիքով, պատճառն այն է, որ իրավակարգը, որը բխում է Սահմանադրությունից, կտրված է ժողովրդից այն պատճառով, որ Սահմանադրական բոլոր հանրաքվեները ժողովրդի անհրաժեշտ թվով ձայներ չեն ստացել, հանրաքվեի արդյունքները կեղծվել են կամ մանիպուլացվել են»,- ասաց Փաշինյանը։ 

Ինչ վերաբերում է նոր Սահմանադրության ընդունման ժամկետներին, նա նշեց, որ տարբեր կարծիքներ կան. «Ձևավորված կարծիք չասեմ, քննարկումների արդյունքում կգանք մի հետևության»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին. Նիկոլ Փաշինյան