«Էլ ինչ աշակերտ, որ չգերազանցի իր ուսուցչին». Աննա Մաքսիմին մրցանակը հանձենց Միքայել Պողոսյանը
Համացանց
11:08 17/04/2025
Հայաստան

«Էլ ինչ աշակերտ, որ չգերազանցի իր ուսուցչին». Աննա Մաքսիմին մրցանակը հանձենց Միքայել Պողոսյանը

Ապրիլի 16-ին՝ Հայ կինոյի օրը,  Կինոյի տանը կայացել է  Պրոֆեսիոնալ կինոգիլդիաների 2-րդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմն ստացել է 4 մրցանակ:

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Աննա Մաքսիմ

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն սցենարիստ՝ Աննա Մաքսիմ

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն բեմադրող օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան («Մեդալի հակառակ կողմը»)

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն դիմահարդար՝ Հասմիկ Ղազարյան («Մեդալի հակառակ կողմը»)

Աննա Մաքսիմին մրցանակը բեմում հանձնել է դերասան, ռեժիսոր, սցենարիստ Միքայել Պողոսյանը:

««Չգիտեմ՝ ավելի զարմանալի է, որ այս մրցանակն ինձն է շնորհվում,  թե՝ որ այն ինձ հանձնում է Միքայել Պողոսյանը: Ինչպես ասում են՝ էլ ինչ աշակերտ, որ չգերազանցի իր ուսուցչին»,- մրցանակը ստանալիս՝ բեմահարթակում ասել է Աննա Մաքսիմը:

Ֆիլմը անվանի հայ ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային կարիերայի մասին է։

Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Աննա Մաքսիմը, ով հանդիսանում է նաև ֆիլմի գլխավոր պրոդյուսերը, ռեժիսորը և սցենարի հեղինակը։

«Մեդալի հակառակ կողմը» գեղարվեստական ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա։ Ավտովթարի հետևանքով ստանալով լուրջ վնասվածք՝ Նազիկ Ավդալյանը 7 տարի դուրս է մնում մեծ սպորտից, ապա վերադառնում և, չնայած շրջապատի անվստահությանը, մարմնական անմարդկային ցավերին, դառնում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն` ապացուցելով, որ եթե կա կամք և աննկուն ոգի` ոչինչ անհնարին չէ: Ֆիլմում առանցքային դերերով հանդես են եկել Սոս Ջանիբեկյանը, Խորեն Լևոնյանը, Մկրտիչ Արզումանյանը,  Բաբկեն Չոբանյանը, Դավիթ Հակոբյանը, Արտաշես Ալեքսանյանը, Անահիտ Քոչարյանը և այլք։ Բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, Ֆիլմի կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, նկարիչ՝ Արմեն Ղազարյան։

Վերջին 7 ամսվա ընթացքում «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը ցուցադրվել է Երևանում, Հայաստանի մարզերում, ԱՄՆ-ում, Կանադայում, եվրոպական տասնյակ երկրների շուրջ 33 քաղաքում, արժանացել ֆիլմասեր հասարակության ջերմ գնահատականին, նվաճել մրցանակներ։

«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից ֆիլմի արտադրության նպատակով տրամադրված ֆինանսավորումը` շուրջ 40 մլն դրամ, ամբողջությամբ վերադարձվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի բյուջե։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder