«Ոստիկան իրական, օրենքի մեր պաշտպան», երեխաներին մեքենայի դիմացը նստացնել կարելի՞ է
Իրավունք
11:59 17/04/2025
Հայաստան

«Ոստիկան իրական, օրենքի մեր պաշտպան», երեխաներին մեքենայի դիմացը նստացնել կարելի՞ է

Արտաշատ քաղաքում գործող մանկական մի կենտրոն ոստիկանության հետ տեսահոլովակ է պատրաստում։ Դատելով արդեն հրապարակված տեսանյութից ու մի քանի լուսնկարներից՝ տեսահոլովակը լինելու է ոստիկանության աշխատակիցների մասին, մոնտաժն էլ իրականացվել է «Ոստիկան իրական, ոստիկան մեր պաշտպան» երգի հնչյունների ներքո։

Գալիս է  մի մեքենա, որի դիմաց երկու փոքրիկ երեխաներ են նստած, հետևի նստատեղին էլ երեխաներ կան։ Բոլորն  էլ առանց ամրակապվելու են։

Ոստիկանության, պարեկային ծառայության գործողություններն ուշադրության կենտրոնում պահող ակտիվիստ Արտակ Գաբոյանը տեղի ունեցածը նման որակի պարեկային ծառայություն ունենալու պայմաններում օրինաչափ է համարում, միաժամանակ ահազանգում է, որ այն կանաչ լույս է դառնալու օրինախախտների համար։

«Մի քանի օր առաջ խորհրդարանական լսումների ընթացքւոմ ես ոստիկանապետի ուշադրությունը հրավիրեցի փաստին, որ պարեկային ծառայությունը համատարած կերպով անտեսում է բազմաթիվ խախտումներ, սա գալիս է այն բանից, որ պարեկային ծառայությունն այսքան տարի անց լիարժեք չի գիտակցում իր գործառույթները»,-ընդգծեց Գաբոյանը։

Նրա որակմամբ, պարեկները հիմա աշխատում են որպես լուսացույց, ինչը ղեկավարության մեղքն է, բացի այդ, լուսացույց աշխատելիս պարեկներին արգելում են այլ խախտումներ արձանագրել։

«Ասում են, եթե խախում է տեսնում, պետք է ահազանգի, մեկ ուրիշ պարեկ գա, խախտումն արձանագրի, ինչը շատ սխալ է։ Կամաց-կամաց գալիս ենք նրան, որ պարեկները խցանումների խնդիր են լուծում ավելի շատ, քան օրինապահի։ Մինչդեռ աշխարհն անցել է այդ ճանապարհով, խցանումների խնդրի լուծման համար պետք է զարգացնել հանրային տրանսպորտը, ենթակառուցվածքները։ Պետք է ոչ թե պայքարել խցանումների դեմ, այլ  այնպես անել, որ խցանումներով երթևեկող վարորդն ունենա այլընտրանք։ Երբ պարեկները փողոցներն ազատեն սխալ ու այլ կերպ կայանած մեքենաներից, հանրային տրանսպորտ շարժվի առանց խցանումների, մեքենայով տեղաշարժվողների որոշ տոկոս, հնարավոր է, տրանսպորտով գնա աշխատանքի»,-նշեց քաղաքացին։

Արտակ Գաբոյանն ասաց՝  համացանցում հանդիպած այդ տեսանյութն արդեն ուղարկել է պարեկային ծառայության պետին, հույս հայտնեց, որ ինչ-որ քայլեր կարվեն։ Նա ցավում է, որ նման խախտումները հայտնաբերում ու դրանց արձագանքում են քաղաքացիները, ԶԼՄ-ները, ոչ թե հենց պարեկները։

«Ցավոք, սա դեռ երկար է շարունակվելու։ Ստացվում է, որ ոստիկանն օրինախախտում կատարելու օրինակ է ծառայում, իսկ եթե վաղը ծնողը նման բան անի, ոստիկանը չի կարողանալու ասի՝ չի կարելի։ Նույն խախտումը մենք  գրանցեցինք  Սարիկ Մինասյանի դեպքում, կրկին ուղարկեցի պարեկային ծառայություն, իմացա, որ տուգանել են երեխային դիմացը նստացնելու համար, բայց ամրակապված չլինելու համար չէին տուգանել, էլի թերի էին աշխատել, խախտումը կիսատ էին արձանագրել»,-ասաց ակտիվիստը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder