Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի
Օրվա թեմա
09:54 19/04/2025

Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

Մարտի 3-ից մեկնարկել է Մեծ պահքը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Ծաղկազարդի կիրակիով (այս տարի՝ ապրիլի 13) սկսվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների հիշատակության օրերը: Շաբաթվա յուրաքանչյուր ունի իր խորհուրդը։

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ. ՃՐԱԳԱԼՈՒՅՑ ԶԱՏԿԻ

Այս օրը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց աշխարհը, իսկ յոթերորդ օրը հանգստացավ: Անցած օրերն Աստված պատվեց արարչությամբ, իսկ այս օրը՝ օրհնությամբ ու սրբությամբ:

Մեծախորհուրդ այս շաբաթ օրը հիշատակվում են Տիրոջ թաղումը և հանգիստը գերեզմանում (Մատթ. ԻԷ 57-61): Այս օրը Հիսուս մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքն ավերեց և բացեց հանգստյան տունը՝ Դրախտը: Իսկ յոթերորդ ժամանակաշրջանի հասնելուն պես Տերը կրկին պիտի գա և արդարներին շնորհի աշխարհի սկզբից նրանց համար պատրաստված արքայությունը՝ հավիտենական հանգիստը:

Qahana.am-ը գրում է, որ, ըստ Եկեղեցական կարգի, երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:

Թեև Տիրոջ թաղման հիշատակի օրն Ավագ շաբաթն է, սակայն թաղման գլխավոր արարողակարգը կատարվում է Ավագ ուրբաթ երեկոյան: Իսկ Ավագ շաբաթ օրվա երեկոյան կատարվում է Ս. Զատկի ճրագալույցի արարողությունը՝ այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը և ավետելով Նրա հարությունը մեռելներից:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder