Մասիսի ջայլամաբուծությամբ զբաղվող հայտնի ձեռներեցը հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Իրավունք
12:36 21/04/2025
Հայաստան

Մասիսի ջայլամաբուծությամբ զբաղվող հայտնի ձեռներեցը հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս-Չարբախ ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող ջայլամաբուծական ֆերմայում կրակոց է հնչել և կա վիրավոր քաղաքացի: 
 

«Նշված հասցե են ժամանել Արարատի մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնի հերթապահ խումբը: 

Մինչ քրեական և համայնքային ոստիկանները կժամանեին նշված վայր, Մասիսի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Մասիսի բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղից «ծնոտի շրջանում հրազենի վիրավորում» ախտորոշմամբ իրենք հիվանդանոց են տեղափոխել մի քաղաքացու: 

 Քրեական և համայնքային ոստիկանությունը պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 70-ամյա Արմենակ Ա.-ն է: Վերջինը ծայրահեղ ծանր վիճակում է: 
 

Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին: 
Ըստ նախնական տեղեկությունների՝ Արմենակ Ա.-ն ժամը 07:00-ի սահմաններում նշված ֆերմայի տարածքում իրեն պատկանող «Байкал» տեսակի որսորդական հրացանով իր կյանքին վերջ տալու նպատակով կրակոց է արձակել իր ծնոտի շրջանում: 

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder