Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իզուր չէ, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների նախաշեմին Չինաստանն ավելացրել է Իրանից նավթային ներմուծումները. Վարդան Ոսկանյան
Այս օրերին աշխարհն ուշի ուշով հետևում է ԱՄՆ-Իրան բանակցություններին։ Շաբաթ օրը Հռոմում չորս ժամ տևած բանակցություններից հետո միջազգային մամուլում էական առաջընթացի վերաբերյալ հիշատակումներ եղան։ Բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է մյուս շաբաթ Ժնևում։
Ի՞նչ կարելի է արձանագրել այս պահին։ Panorama.am-ն այս ու այլ հարցերի վերաբերյալ զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։
Վարդան Ոսկանյան-Իրականում այս պահին առաջընթացի մասին խոսելը, կարծում եմ, վաղ է, բայց բանակցությունների երկու փուլերից եկող դրական ազդակներ կան, և այդ ազդակները հաստատում են, ըստ էության, թե իրանական, թե ամերիկյան կողմերը։ Սա արդեն իսկ ցուցիչ է առ այն, որ բանակցություններն ընթանում են կառուցողական հունով։ Չնայած դրան, բանակցությունների շուրջ կա որոշակի աղմուկ, տարբեր հոսքեր են տեղի ունենում տեղակատվական ու ապատեղեկատվական բնույթի, այս համատեքստում պետք է շատ ուշադիր լինել, ինչպես ասում են՝ հարդը տարանջատել ցորենից։
Մեկ այլ կարևոր հանգամանք կա, բանակցությունների բովանդակային հատվածը շատ ավելի լայն է, քան սկզբնական շրջանում հայտարարվում էր Միացյալ Նահանգների կողմից։ Գիտեք, հիմնական խնդիրը դրվում էր միջուկային ծրագրի շուրջ, այնուհետև խոսք սկսեց գնալ միայն միջուկային զենքի վերաբերյալ, այսինքն խաղաղ միջուկային զանազան ծրագրեր բանակցությունների առարկա չեն դարձել, կարծեք թե, և իրանական կողմը օրակարգ է բերել պատժամիջոցների չեղարկման խնդիրը։
Մի էական բան կա, որն ազդում է իրականական կողմի որոշումների վրա, դա Իրանի ներսում դոլարի փոխարժեքի որոշակի նվազումն է, ինչն Իրանի դիրքերն ավելի է ամրապնդում բանակցությունների հերթական փուլից առաջ։
Panorama.am-Պարոն Ոսկանյան, միջազգային մամուլում հրապարակում կար, որ Ռուսաստանը կարող է առանցքային դերակատարում ունենալ ԱՄՆ-Իրան հնարավոր հարաբերություններում։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Պուտինը ստորագրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին օրենքը։ Տարածշրջանում ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են բերել ԱՄՆ-Իրան հաջողված բանակցությունները։
Վարդան Ոսկանյան-Այո, բանակցությունների գլխավոր թեման Իրանի միջուկային զենքի խնդիրն է, բայց կան այլ խնդիրներ ևս, մասավորապես տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ ներկայիս իշխանությունը որպես իր գործողությունների վերջնանպատակ ունի Չինաստանը, այսինքն փորձ է կատարվում Իրանի հետ հարաբերությունների հնարավոր բարելավման համատեքստում Իրան-Չինաստան հարաբերությունները դարձնել պակաս կարևոր առնվազն Իրանի համար։ Սրա ցուցիչներից մեկն այն է, որ բանակցությունների նախաշեմին Չինաստանն ավելացրել է Իրանից նավթային ներմուծումները գրեթե կրկնակի։ Սա ցույց է տալիս, որ պատժամիջոցների չեղարկման հնարավորություն կա, ինչին դեմ չի լինի ԱՄՆ-ն։ Դրա հետևանքով Չինաստանին արտոնյալ պայմաններով նավթի վաճառքը կարող է խաթարվել, քանի որ Չինաստանն ավելի էժան է նավթ գնում, իսկ պատժամիջոցների չեղարկման դեպքում այն կթանկանա։
Նույն քաղաքականությունն էլ նշմարվում է Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Բայց պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ում էլ, Սպիտակ տանն էլ տարբեր թևեր կան, պրոիսրայելական թևն անընդհատ փորձում է ավելի սուր մթնոլորտ ստեղծել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևոր կռվան են Իրանի ձեռքում։
Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա հայտնի է, որ Իրանը չափազանց կարևոր դերակատար է հատկապես մեր անվտանգային ճարտարապետության համար՝ հաշվի առնելով «Զանգեզուրի միջանցք»-ը, Սյունիքի նկատմամբ Բաքվի բարբարոսական վարչախմբի նկրտումները։ Տարածաշրջանում ուժեղ Իրան ունենալը բխում է Հայաստանի Հանրապետության հեռագնա շահերից, հետևաբար Իրանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորումը բխումը է մեր շահերից։
Panorama.am-Օրեր առաջ Հայաստան-Իրան սահմանին տեղի ունեցան համատեղ զորավարժություններ։ Սրանք ի՞նչ ուղերձներ էին պարունակում։
Վարդան Ոսկանյան-Անշուշտ, եթե մենք դիտարկում ենք դրանց ձևակերպումները՝ սահմանային անցակետերի, սահմանային գոտու հակաահաբեկչական սցենարները, քաջ գիտակցում ենք, թե ում մասին է խոսքը։ Խոսքը վերաբերում է ահաբեկիչների ներգրավմանն այնպիսի համատեքստում, ինչպիսին կար 44-օրյա պատերազմի ընթացքում։ Սա լավ է, քանի որ ի վերջո Հայաստանն ու Իրանը թեկուզ փոքրածավալ զորավարժություններ իրականացրեցին, կարծում եմ՝ ավելի լայն համագործակցություն է հնարավոր հակաահեբկչական պայքարի ոլորտում։ Իրականում բոլորս քաջ գիտակցում ենք թե ում կողմից առաջ եկած մարտահրավերներին է սա միտված դիմակայելու, խոսքը ադրբեջանաթուրքական դաշինքի մասին է։
Հարցազրույցի մանրամասները՝ ձայնագրությամբ։