ՀՀ իշխանությունները որդեգրել են Հայոց ցեղասպանության ոչ թե ճանաչման, այլ ժխտման քաղաքականություն. Հայկ Դեմոյան
Քաղաքական
17:10 22/04/2025
Հայաստան

ՀՀ իշխանությունները որդեգրել են Հայոց ցեղասպանության ոչ թե ճանաչման, այլ ժխտման քաղաքականություն. Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախօրեին Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած վտանգավոր և աղետաբեր քաղաքականության շուրջ Panorama.am-ը զրուցեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի հետ։

Panorama.am-Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ինչպես կգնահատեք ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականությունը ցեղասպանության ճանաչման և դատարապրտման գործընթացներում։

Հ. Դեմոյան-Երկու բառով՝ «խայտառակ» և «դավաճանական»։ Որևէ հիմնավորում, բացատրություն չի կարող մաքրագործել այն ստահակ և ստոր գործելաոճը, որն այսօր որդեգրել է  իշխանության բերված խունտան, որովհետև որևէ անվտանգային հասկացության, պետականաստեղծ գաղափարի, օրենսդրական, բարոյական, հոգեբանական տեղեկատվական առումներով, այն ինչն անում է այսօրվա իշխանությունները, դա խափանարար խորտակիչ հարված է մեր անցյալին,ներկային և ապագային։

Panorama.am–Ինչպե՞ս կգնահատեք փաստը, որ ՀՀ ներկայից իշխանություններն առաջ են մղում այն քաղաքականությունը, որը երկար տարիներ վարել է Թուրքիան ցեղասպանության հարցում։ Անմեղ հայտարարություններով հարցականի տակ են դնում հայոց ցեղասպանությունը։

Հ. Դեմոյան-Հայտարարություններն անմեղ չեն, հաշվարկված են, հիմնական նպատակն է հարաբերականացնել ցեղասպանության՝ որպես ծայրագույն հանցագործության հետևանքները։ Երկրորդ՝ հաճոյանալ թուքական կողմին, ազդակներ ուղարկել, որ հայկական կողմը պատրաստ է զիջել նաև այս, որևէ քննարկման ծիրից ներս չգտնվող հարցում։ Որևէ քննարկում այս հարցի շուրջ հայկական ոչ մի շրջանակներում նույնիսկ չի ենթադրվում։ Բայց ահա, Հայաստանում իշխանությունների բարձր մակարդակով արվում են հայտարարություններ, որով թիրախավորվում է ընդհանուր հիշողությունը, թիրախավորվում է Ցեղասպանության հետևանքները, որոնց մասին մենք անընդհատ խոսում ենք, թիրախավորվում է դրա միջազգային ճանաչումը և հետևանքների վերացման հրամայականը։

 Այն արվում է հատուկ, որովհետև 2018 թվականին իշխանության գալու հենց այդ պահին, այս հարցը եղել է օրակարգային, ընթացքում չէ, որ նրանք պարբերաբար եկան այս եզրահանգումներին։ Այն եղել է նախապատրաստած խմբի իշխանություն հանձնելու օրակարգային հարցերից մեկը։

Panorama.am –Չե՞ք կարծում, որ Հայոց ցեղասպանության փաստին միջազգային հանրության ոչ համապատասխան արձագանքն էր պատճառը, որ մենք ունեցանք Արցախի դեմ ռազմական ագրեսիան և բռնի հայաթափումը՝ Ցեղասպանության երկրորդ արարը։

Հ. Դեմոյան-Պատրանքներ չպետք է ունենալ։ Այդ միջազգային հանրությունը, որին հղում ենք տալիս, այն գոյություն չունի, գոյություն ունեն տարբեր երկրների, հիմնականում խոշոր, ուժեղ կազմակերպված երկրների մշտնջենական շահերը։ Այդ շահերին իրենք հասնում են բոլոր նպատակներով, ոչ մի երկիր իր շահը չի զոհաբերի հանուն հայկական շահի։ Երբ դու կազմակերպված չես, խայտառակ կոռուպցիայի ես դավանում քո պետական իշխանությունը բանեցնելու ընթացքում, քո արդադրադատության համակարգն ընդհանրապես մի խափանարար ական է պետականությունը ստեղծելու գործում։ Եթե իրենք տեսնում են, թե ինչպես ես դու կազմակերպում քո կյանքը, ապա ինչու պետք է հանուն բարոյական ինչ-ինչ հարցերի, որևէ մեկ երկիր, թեկուզ փոքր իր հարցերը, իր շահը զոհաբերի Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ հարաբերություններում։ Այդպես չի լինում։ Մենք դեռ տարվում ենք պատրանքներով։ Էդ պատրանքներով տարվեցինք, եկան սրանք, որոնք ուզում են իրենց պատկերացրած իրական քաղաքականությունը կիրառել և բացատրել, որ ճիշտն այսպես է։ Այն աղետալի հետևանքներ է ունենալու, արդեն ունի։

 Panorama.am-Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունների վարած քաղաքականությունն ինչպես է ազդել Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի վրա։

Հ. Դեմոյան-Նախորդ տարի Ցեղասպանության կանխարգելման հերթական ֆորումը կազմակերպեցին։ Գիտեք՝ Հայաստանում երկու տարին մեկ նման ֆորում է անցկացվում։ Ո՛չ ծրագրում, ո՛չ էլ որևէ մի ելույթում անդրադարձ չկար Հայոց ցեղասպաության հարցին։ Սա լավագույն ցուցիչն է, որ ՀՀ իշխանությունները որդեգրել են Հայոց ցեղասպանության միջազգային ոչ թե ճանաչման, այլ պատմական նույն փաստի ժխտման քաղաքականություն, որը, ի դեպ, քրեորեն պատժելի է հայաստանյան օրենքներով։ Այսօրվա իշխանություններում կան անձինք, ովքեր ժամանակին աշխատել են և նույնիսկ գիտական աստիճաններ են ստացել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ինձնից առաջ, նախորդ տնօրենի օրոք։ Հիմա այս անձանաց հետ կապված կան որոշ իրավական հարցեր, որոնցով իշխանությունները փորձում են ամեն կերպ թույլ չտալ դատական գործերի վերաբացում , հետաքննում՝ հնարավոր գողությունների մեջ ներգրավված լինելու հետ կապված։ Փոխարենը, քանի որ ես դրանք բարձրաձայնում եմ, նույն հանցագործների միջոցով, քաղաքացիական գործերով փորձում են ճնշումներ բանեցնել իմ դեմ, և այդ գործընթացը շարունակվում է։

Panorama.am-Ձեր կարծիքով ո՞րն է ստեղծված աղետալի և վտանգավոր իրավիճակից ելքը։

Հ. Դեմոյան-Պետք է լինի շատ մեծ ատյան՝ զինվորական, դատախազական, բայց բոլորն էլ, իհարկե, կոռուպցիոն են։ Եթե ինչ-որ հրաշքով կգան իշխանություններ, մարմիններ, որոնք կապ չեն ունենա ոչ մայն իշխանության հետ՝ սկսած 1991 թվականից, ապա դատական շատ խոշոր ատյան պետք է լինի, մեծ դատական գործերով՝ բավական հնչեղ և աղմկալի, որով պետք է դիտարկվի 2018 թվականի հանցագործությունը սպասարկած և կազմակերպած ուժերի ով լինելը, բացահայտի այն։ Ներկա իշխանության բոլոր պաշտոնյաներին, ովքեր պաշտոններ են զբաղեցրել 2018 թվականից սկսած, պետք է դատավճիռներով ստանան ցմահից մինչև որոշակի ժամկետով ազատազրկումներ և այն պետք է լինի միակ երաշխիքը, որ պետականությունը կարող է ինչ-որ ձևով կայանա և հետագայում ապացուցի, որ այն իսկապես պետականություն է, այլ ոչ թե ինչ-որ գոյացություն, որն ունի զինանշան, դրոշ և հիմն։

Ձայնագրությունն՝ ավելի ուշ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder