Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ջալալ Հարությունյանը պետք է կրի առավելագույն պատիժ. Տուժողներն ու պաշտպանները դիմել են Վերաքննիչ
44-օրյա պատերազմում Ցորի Դ-20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի դատավոր Գարիկ Աբելյանի կայացրած վճիռը Վերաքննիչ դատարանում բողոքարկել են թե մեղավոր ճանաչված Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պաշտպանները, թե տուժող կողմի ներկայացուցիչները։
Հիշեցնենք, գեներալ-լեյտենանտ Հարությունյանին դատարանը մեղավոր է ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, նա դատապարտվել է 5 տարի վեց ամիս ազատազրկման։ Ըստ իրավապահների, Հարությունյանը մոտեցող թշնամուն ներկայացրել է որպես «մերոնք», ինչի հետևանքով տղաները չեն կարողացել պաշտպանվել։ Ջալալ Հարությունյանը չի ընդունում մեղքը։
Տուժող կողմը Վերաքննիչ դատարանից պահանջում է Ջալալ Հարությունյանի նկատմամբ սահմանել առավելագույն պատիժ՝ 8 տարի ազատազրկում։ Հարությունյանի պաշտպանների պահանջներից մեկը վերաբերում է նրան արդարացնելուն։
Վերաքննիչ դատարանում գործը կքննի դատավոր Մխիթար Պապոյանը։ Առաջին նիստը նշանակված է ապրիլի 23-ին ժամը 12։30-ին։
Ջալալ Հարությունյանի պաշտպանները հայտարարում են՝ դատավորը թույլ է տվել բազմաթիվ խախտումներ, չի եղել անկողմնակալ, բացի այդ առողջական խնդիրներով պայմանավորված Ջալալ Հարությունյանը չի կարող լինել ազատազրկման մեջ։
«Ողջ դատաքննությունն ընթացել է շատ օբյեկտիվ, հանգիստ, մինչև Ջալալ Հարությունյանին մեղավոր ճանաչելու վերդիկտը պաշտպանական կողմը որևէ դժգոհություն չի հայտնել դատարանին։ Երբ վերդիկտը կայացվեց, փորձեցին արհեստական կերպով նիստերը ձախողելու գործողություններ իրականացնել, ինչը չհաջողվեց»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց տուժող կողմի շահերի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։
Մինչ Վերաքննիչում նշանակված նիստը զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանն ու տուժող կողմի շահերի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը Panorama.am-ի հետ զրույցում անդրադարձել են օրեր առաջ Ջալալ Հարությունյանի պաշտպանների կողմից ասուլիսում հնչեցրած հայտարարություններին։
Հիշեցնենք, որ «Ցոր» զորամասի հրետանավորներն ավելի քան մեկ տարի անհետ կորած են համարվել։ Նրանցից 11-ի աճյունները հայկական կողմին է փոխանցել 2021 թ. նոյեմբերի 2-ին Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։