Զախարովան մեկնաբանել է Հայաստանի ընդդիմության հետ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսի հանդիպումը
Քաղաքական
15:45 24/04/2025
Աշխարհ

Զախարովան մեկնաբանել է Հայաստանի ընդդիմության հետ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսի հանդիպումը

Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովի և «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչների հանդիպմանը ներքաղաքական ենթատեքստ չկա, ապրիլի 24-ի ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով, այս միջոցառումը ռուսական արտասահմանյան կառույցների ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասն է:

«Հանդիպումը, որի մասին դուք խոսում եք, մեր արտասահմանյան առաքելությունների ղեկավարների ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասն է, ռուս դիվանագետները շփվում են տվյալ երկրի քաղաքական ուժերի ողջ սպեկտրի ներկայացուցիչների հետ՝ տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար»,- ասել է Զախարովան։

Նա բացատրել է, որ Տիտովի մասնակցությամբ հանդիպումը կայացել է Հաղթանակի օրվա տոնակատարությունների նախօրեին։ Նա Գյումրու ավագանու բոլոր քաղաքական ուժերի ղեկավարությանը հրավիրել է մասնակցել գլխավոր հյուպատոսությունում կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը։ Հանդիպմանը քննարկվել են նաև հյուպատոսական շրջանի քաղաքապետարանների և ռուս գործընկերների միջև մշակութային կապերի զարգացման հարցեր։

«Ես տեսել եմ տարբեր հրապարակումներ այս թեմայի ներքաղաքական որոշակի ենթատեքստի մասին: Այստեղ հաստատ ներքաղաքական ենթատեքստ չկա: «Ամեն ինչ բաց է և լիովին համապատասխանում է օտարերկրյա ինստիտուտի նպատակներին ու խնդիրներին», - ավելացրեց Զախարովան:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զախարովան մեկնաբանել է Հայաստանի ընդդիմության հետ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսի հանդիպումը