Մանկահասակ երեխայի մարմինն այրելու փաստով քրեական վարույթ է հարուցվել բուժաշխատողի կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով
Իրավունք
11:46 25/04/2025
Հայաստան

Մանկահասակ երեխայի մարմինն այրելու փաստով քրեական վարույթ է հարուցվել բուժաշխատողի կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով

Վերարտադրողական առողջության պերինատալոգիայի, գինեկալոգիայի հանրապետական ինստիտուտում երեխայի մահվան առեղծվածային դեպքի  առթիվ  ապրիլի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակը։

«Կա 1 տուժող: Կատարվում է նախաքննություն դեպքի հանգամանքները պարզելու համար»,-ավելացրեց Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք, որ երեկ Shamshyan.com-ը հայտնել էր՝ մարզում բնակվող կինը ահազանգել էր, որ կենտրոնում այրել են նորածին երեխայի մարմինը։ Ե՞րբ է տեղի ունեցել դեպքը, քանի՞ ամսական է եղել երեխան։ Հարցերի պատասխանները Panorama.am-ը փորձեց պարզել ՔԿ-ից։

Մամուլի խոսնակն ասաց, այս պահին նման տվյալներ չունեն։ Նշենք, որ Քրեական օրենքգրքի 187 հոդվածը վերաբերում է բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելուն։

Հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder